«Նախագահից այս իրավունքը վերցնելու նախագիծ է սա: Սա հակասահմանադրական նախագիծ է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետն է միջնորդող անձը նախագահին, որ ներում շնորհի»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր իր անհամաձայնությունը հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Խոսքը քննարկվող «Ներման մասին» օրենքի նախագծին էր վերաբերվում: Նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նախորդ կարգավորմամբ, դատապարտյալին ներում շնորհելու համար գործում էր նախագահին կից Ներման հարցերի հանձնաժողով: Այն քննարկում էր ներման խնդրագրերը եւ եզրակացություն տալիս: Այժմ սահմանվում է, որ նախագահի կողմից ներում շնորհելու համար պետք է վարչապետը միջնորդություն ներկայացնի, կգործի նաեւ «լայն ներկայացվածություն ունեցող հանձնաժողովը»:
Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է, որ Ներման հարցերով հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, այսինքն, ներման հանձնաժողովի անդամներին նշանակելու է վարչապետը:
Այս շղթայում, սակայն, ներման համար իրավական հիմք միայն կարող է լինել դատապարտյալի խնդրագիրը: Եթե միջնորդությունը մերժվի, իսկ ներկայացնող մարմինը պնդի այն, նախագահը կամ պետք է ներում շնորհի դատապարտյալին, կամ` դիմի Սահմանադրական դատարան: Ըստ նախագծի, բոլոր անհրաժեշտ քայլերը կանի կառավարությունը, նախագահին կներկայացվի պատրաստի փաստաթուղթ:
Ներման նոր միջնորդություն կարող է ներկայացվել մեկ տարի հետո:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը փորձեց փարատել պատգամավորի մտահոգությունները: Ասաց, որ ուզենք էլ, այլ կարգավորում չենք կարող ամրագրել`Սահմանադրությունը հստակեցում է պահանջում, որ սուբյեկտը պետք է առաջարկություն ներկայացնի: Էդմոն Մարուքյանն ընդվզեց. «Կարող է Հանրային խորհրդի նախագահն էլ ներկայացնել»:
Մտահոգությունները կիսում է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը`վարչապետի ցանկության բացակայության դեպքում նախագահը զրկվում է այդ հնարավորության իրականացումից: Ասաց նաեւ, որ չափանիշներ պետք է լինեն թե, ո՞ր դեպքում վարչապետի կողմից առաջարկվող անձը կարող է ներվել, որ դեպքում`ոչ. «Այս ձեւով ընտրանքային դրսեւորում կարող է լինել»: Սուրեն Քրմոյանը նկատեց`ներումը բացառիկ լիազորություն եւ հումանիտար ակտ է, այդ պատճառով չեն մանրամասնել դեպքերը: Միջազգային փորձը բերեց, շատ դեպքերում ընդհանրապես չափանիշներ չկան: Այնուհանդերձ որոշ դրույթներ մենք ամրագրել ենք`պատժի կրման ընթացքում դրսեւորած վարք եւ այլն:
Գեւորգ Պետրոսյանին մտահոգում է ընտրակեղծարարների նկատմամբ իշխանության բարյացակամ վերաբերմունքի դրսեւորումը, ուստի, կարծում է, որ հստակություններ պետք էին: Սուրեն Քրմոյանն ասաց`քննարկումների ժամանակ առաջարկներ են եղել կոռուպցիոն հանցագործությունների, խոշտանգումների մասով առհասարակ բացառել ներումը: Չեն ընդունել`նույն պատճառաբանությամբ`ներումը բացառիկ իրավունք է:
Չափանիշների հարցը մտահոգում էր նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին: Հիշեցրեց`պայմանական վաղաժամկետ ազատման նոր փաթեթում, որն արդեն գործում է, որոշ չափանիշներ կային`պատշաճ վարքագիծ, նոր հանցագործություն կատարելու հնարավորությունները պետք է ցածր լինեն. «Գուցե որոշակի չափանիշներ փորձենք այստեղ ամրագրել, միեւնույն է մեկ չափանիշ ամրագրված է, մի քանիսն էլ դնենք`ավելի կանխատեսելի ներման քաղաքականություն ստանանք»: Նա նաեւ հետաքրքրվեց`ինչ բացառիկ հանգամանքներ են, որ որոշ դեպքերում հնարավոր է խնդրագիրը նորից քննել մինչեւ սահմանված մեկ տարին: Սուրեն Քրմոյանը մանրամասնեց`ծանր առողջական, ընտանեկան վիճակ եւ այլն: Չեն թվարկել, որ կիրառելիս խնդիր չառաջանա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ անհամաձայնություն ունի այն դրույթի հետ, որ դատապարտյալի խնդրագիրը ներման պարտադիր հանգամանք է: Ասում է`մեր արդարադատությունն անբիծ չէ: Կան դեպքեր, որ մարդիկ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը. «Չգործած մեղքի համար խնդրագիր ներկայացնելն ի՞նչ է նշանակում: Գոնե անունը փոխեք, գրեք դիմում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ