Շվեյցարացի գործարարները Հայաստանում հիմնականում հետաքրքրված են հայկական գինիներով, հանքերով եւ արեւով, այսինքն՝ արեւային էներգիայի արտադրությամբ: Այսօր «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպում էր կազմակերպել Հայաստանի զարգացման հիմնադրամը:
Շվեյցարիայի ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններն ընդլայնվել են, եւ սա արտացոլվում է 2017 թվականի վիճակագրությամբ: Պարոն Բումանի ներկայացմամբ՝ Դավոսում տնտեսական ֆորումի ժամանակ հանդիպել է ՀՀ վարչապետի հետ, եւ քննարկված հարցերից առաջնային են եղել գյուղատնտեսությունը, արդյունաբերական սարքավորումները:
Բումանն արդեն 5-րդ անգամ է այցելում Հայաստան, նրա տպավորությամբ Հայաստանում տնտեսական շարժ կա, եւ սա Բումանի կարծիքով՝ պետք է թույլ տա բնակիչները Հայաստանը չլքեն, եւ տնտեսական վիճակ ստեղծվի, որպեսզի բնակչությունը մնա Հայաստանում:
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին՝ ինչ շոշափելի արդյունքներ են գրանցվել Հայաստանում հայ-շվեյցարական համագործակցությամբ, որոնք կարող են խթան լինել, ինչպես Բումանն ասաց՝ բնակիչները չարտագաղթեն, Բումանը պատասխանեց. «Վերցնեմ այն 3 ոլորտները, որոնք ասացի, եւ նշեմ արդյունաբերական սարքավորումների ոլորտը՝ այսօր առավոտյան բացվեց աղի արտադրման գործարանի նոր արտադրամասը, որտեղ կա շվեյցարական մասնակցությունը: Այդ սարքավորումները բերվել են Շվեյցարիայից, եւ սրանք գեղեցիկ ու նոր սարքավորումներ են, որոնք աշխատատեղեր են ստեղծում»:
Շվեյցարացիներին հետաքրքրում է նաեւ գյուղատնտեսությունը, մասնավորապես գինեգործությունը: Բումանն ասաց. «Հայաստանում կա բարձրորակ գինի եւ հումք: Եվ մտածում եմ փոխանակման կարգով Շվեյցարիայից կարող են բերվել նոր տեխնոլոգիաներ, որոնցով գինին կարող է նորովի արտադրվել եւ լինել մրցունակ: Այստեղ կան արդեն գինեգործության միավորումներ, որոնք աշխատում են շվեյցարական տեխնոլոգիաներով: Սա զարգացման եւս մեկ ուղղություն է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ըստ Բումանի, 3-րդ ուղղությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտն է. «Այս առումով պետք է խոսեմ Հայաստանում կառուցվող ամբարտակի մասին, որը կբացվի մեկ տարի հետո, այստեղ հիմա օգտագործվում են շվեյցարական սարքավորումներ»:
Արեւային էներգիային անդրադառնալով, Բումանն ասաց, որ Շվեյցարիան որոշել է դուրս գալ միջուկային էներգիայի արտադրությունից, եւ հիմա Շվեյցարիային հարկավոր են արեւային էներգիայի պանոններ. «Այդ պանոններն արտադրվում են ոչ թե Շվեյցարիայում, այլ՝ հիմնականում Չինաստանում»: Բումանի վստահեցմամբ՝ հիմա հնարավորություն է ստեղծվում այդ պանոնները Հայաստանում արտադրելու:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ