Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասի՝ ամոթ է, արա՜, թարգեք». հարցաքննվեց Նուբարաշենի խճուղում վիճաբանության ականատեսը (Տեսանյութ)

Փետրվար 05,2018 14:40

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստն այսօր կայացավ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (դատարանների տեղափոխության գործընթացով պայմանավորված):

Որպես վկա հարցաքննվեց Սանասար Բադալյանը, որը դատարանին հայտնեց՝ ընկերություններից մեկում որպես վարորդ է աշխատել, երբ ականատես է եղել դեպքին:

Հիշեցնենք, որ երիտասարդներ Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը մեղադրվում են 2016թ. Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանին դիտավորյալ հարվածներ հասցնելու եւ կյանքից զրկելու մեջ:

Սանասար Բադալյանը դատավարության կողմերին տեղեկացրեց՝ առանց իր մեքենայից իջնելու տեսել է, որ մի խումբ տղաներ, մասնավորապես՝ երեք հոգի, վիճաբանում են, իսկ նրանց մոտ տարեց կին (Եղիշե Խաչատրյանի մայրն է՝ Էմմա Աբրահամյանը, որն ականատես է եղել որդու հետ կատարվածին) եւ մի աղջիկ կա: «Ինձ թվաց՝ վթար է եղել, դրա համար են վիճաբանում: Ձեռքերով, ոտքերով…հայհոյանքներ էին հնչում: Ապակին իջեցրի, ասի՝ ամոթ է, արա՜, թարգեք, մեծ կին ու աղջիկ կա, չեք ամաչո՞ւմ…հետո մտա ավտոտեխսպասարկման կետ՝ որդուս տուն տանելու համար»,-պատմեց Սանասար Բադալյանը:

Նրա խոսքով՝ վիճաբանողներին «արա»-ով դիմելու պատճառով նրանցից մեկը մոտեցել է իրեն՝ ասելով՝ «ո՞ւմ ես «արա» ասում, ո՞վ է «արան», սակայն նրա հետ եկած մյուս տղաներից մեկը կանխել է այդ երիտասարդի՝ իրեն մոտենալու եւ «հաշիվ պահանջելու» քայլը: Ապա նայելով ամբաստանյալներին՝ վկան ասաց, որ խոսքն Արարատ Նիկողոսյանի մասին է:

Հիշեցնենք՝ Էմմա Աբրահամյանի պնդմամբ՝ վերոնշյալ երիտասարդները ձեռքերով-ոտքերով հարվածելով իր որդուն՝ սպանել են վերջինիս: Վկան նաեւ նշեց, որ իր՝ դեպքի վայրում եղած ժամանակ հարվածներ ու, առհասարակ, ծեծկռտուք չի տեսել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728