Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. «Հայաստանում փողի պակաս չկա» (Տեսանյութ)

Փետրվար 05,2018 14:21

1990-ականներից տարբեր պաշտոնների`նախարար, փոխնախարար եւ այլն, ցատկոտող պաշտոնյաներով բարեփոխումներ չես անի: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց «Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Նա լուրջ չի համարում, երբ այդ մարդիկ ամեն անգամ հայտարարում են, որ պատրաստ են բարեփոխումների նոր փուլ սկսել. «Մեր ազգը շատ ողջամիտ է, շատ զննող հատկություն ունի եւ շատ արագ է կողմնորոշվում. մարդը պետք է հավատա: Եթե չկա վստահության կոմպոնենտը, ոչ մի ռեֆորմ չի կարող հաջողվել»:

Տնտեսագետը կասկածի տակ չի դնում ԱՎԾ-ի հրապարակած տվյալները`2017-ի տնտեսական ակտիվության մասով: Համամիտ է`տնտեսական աճ կա: Հիշեցնենք, ըստ այդմ, տնտեսական աճը Հայաստանում 2,6 տոկոս է: Բայց օբյեկտիվ է համարում անընդհատ հնչող հարցը` ինչո՞ւ աղքատության մակարդակը չի նվազում: «Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ սոցիալական քաղաքականության մեջ եւ պետք չէ ցինիզմի հասնել՝ հայտարարելով, թե ՀՀ-ն սոցիալական պետություն է»,- ասաց նա:

Այս ամենով հանդերձ, Ատոմ Մարգարյանն արձանագրում է`անցած տարին եղել է բեկումնային, տնտեսությունը հաղթահարել է լճացումը, կլինի վերընթաց: Նկատի ունի մարդկանց եկամուտները կավելանան, ինչն էլ պետք է բերի բարեկեցության:

«Հրապարակվել են հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցանիշները: Դրանցից այն պատկերն ենք ստանում, որ տնտեսական աճի եւ դրան նպաստող գործոնների մասով շարունակվել է տնտեսությունը վերականգնվել ի հաշիվ հանքարդյունաբերության ոլորտի: Հատկապես, պղնձի գների հաշվին, որը միջազգային շուկայում բարձր էր: Երկրորդը՝ առեւտրի և ծառայությունների մասով է պայմանավորված, նաեւ վերամշակող արդյունաբերության՝ 15,7% աճ: 2017թ-ի աճի միտումներից է նաեւ շինարարության ոլորտում լճացման փուլից թեկուզ թույլ, այդուհանդերձ համեստ աճը՝ 2,2% չափով»,- ասաց բանախոսը` նկատելով, որ դրական միտում կա նաեւ մասնավոր տրանսֆերտների ներհոսքի մասով`մեկ միլիարդ 600 հազարի շեմն է հատում: Դա, իհարկե, դեռ զիջում է «երանելի» ժամանակներին, երբ մասնավոր տրանսֆերտները 2,5 միլիարդի էին հասնում:

Տնտեսագետի ուշադրությունից չի վրիպում գյուղատնտեսության նվազող միտումը. անասնապահության ոլորտը եղել է աճողական, բուսաբուծությունը` անկման դրսեւորումներ է ունեցել:

Ամփոփելով, տնտեսագետը հայտարարեց` գրանցված աճը ՌԴ-ի շուկայի վերականգնման արդյունք է:

Տնտեսական ակտիվության ֆոնին, Ատոմ Մարգարյանի համար պարադոքսներ են ակնհայտ: Օրինակ, ցածր գնաճի պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակել է մնալ բարձր: Ասում է, Հայաստանում փողի պակաս չկա, եթե կառավարությունն իսկապես ուզում է բարեփոխումներ իրականացնել: Ինքը մեկ աղբյուր է նշում`Հայաստանից տարեկան կապիտալի արտահոսքը: Նկատում է`ընդամենը քաղաքական կամքն է պակասում:

Մանրամասները`տեսանյութում

Կառուցվածքային մասով Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ. «Հանքարդյունաբերության ոլորտը կախված է համաշխարհային գների վայրիվերումներից, գյուղատնտեսությունը մտահոգիչ վիճակի է, աճերը ներառականության բացակայություն ունեն եւ այլն: Սա այն է, որ շարքային քաղաքացիները իրենց վրա չեն զգում աճի ազդեցությունը: Տնտեսական աճից ավելի շատ հարուստ խավն է լավ զգում: Միայն խոշոր բիզնեսի վրա հիմնված տնտեսությունը խոցելի է, թե քաղաքական, թե տնտեսական իմաստով: Խոշոր բիզնեսը կարող է իր ֆինանսը վերցնի եւ գնա ցանկացած պահի: Իսկ մենք գիտենք, որ տնտեսական մոնոպոլացման, օլիգարխիկ միջավայրը իշխանության հետ կապակցված շահեր ունեն եւ իշխանությունն էլ շատ դեպքերում սպասարկում է խոշոր բիզնեսի շահերը»: Ինչ մնում է կոռուպցիային եւ ստվերին, ըստ բանախոսի, դրանք «խժռում» են մեր տնտեսությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728