Փետրվարի 2-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լոս Անջելեսում Հայաստանի և Մեքսիկայի գլխավոր հյուպատոսությունների նախաձեռնությամբ ընդունեց հռչակագիր՝ ամեն տարի Լոս Անջելեսում փետրվարի 2-9-ը հայ-մեքսիկական մշակութային շաբաթ կազմակերպելու մասին: Հայ-մեքսիկական մշակութային շաբաթ հայտարարելու հռչակագիրը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդին էին ներկայացրել խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը և Մոնիկա Ռոդրիգեզը:
Ելույթ ունենալով ներկաների առջև՝ Մոնիկա Ռոդրիգեզը նշեց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել միջմշակութային երկխոսությունը և ճանաչելի դարձնել Լոս Անջելեսում ապրող երկու համայնքների մշակութային ու պատմական հարուստ ժառանգությունը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ մեքսիկական և, ընդհանրապես, լատինական համայնքի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են թե համայնքային և թե միջպետական համատեքստերում: Նա նաև կարևորեց, դաշնային իշխանությունների հետ համագործակցությանը զուգահեռ աշխատել նաև տեղական ինքնակառավարման մակարդակում, որտեղ համայնքների, էթնիկ խմբերի դերակատարությունը շատ մեծ է:
Լոս Անջելեսում Մեքսիկայի գլխավոր հյուպատոս Կառլոս Իուջինիո դե Ալբա Զեպեդան ընդգծեց տնտեսական, մշակութային նախագծերի առնչությամբ այլ համայնքների հետ համատեղ աշխատելու նպատակահարմարությունը, հավելելով, որ հայ-մեքսիկական մշակութային շաբաթը կողմերի երկրորդ համատեղ նախաձեռնությունն է անցած տարի կազմակերպված բիզնես-սեմինարից հետո: Գլխավոր հյուպատոսը շեշտեց, որ այն նախաձեռնությունը ևս մեկ կամուրջ կհանդիսանա մեր երկու պետությունների, կառավարությունների և ժողովուրդների միջև:
Տեղեկանք. Հայ–մեքսիկական մշակութային շաբաթվա շրջանակներում Մեքսիկայի գլխավոր հյուպատոսությունում մեքսիկական համայնքի համար կցուցադրվի «Խոստումը» ֆիլմը, իսկ Գլենդեյլում հայ համայնքի համար կկազմակերպվի մեքսիկական ֆիլմի ցուցադրություն: Նախատեսվում է նաև կազմակերպել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների այց հանրային դպրոց, որտեղ սովորում են և հայ և մեքսիկացի աշակերտներ, ինչպես նաև՝ հայկական կրթօջախ: Մշակութային շաբաթվա շրջանակներում կկազմակերպվի նաև հայ և մեքսիկացի լուսանկարիչների ֆոտոցուցահանդես:
ՀՀ ԱԳՆ