Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխվելու է գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը

Փետրվար 05,2018 14:00

Փետրվարի 2-ին կայացած Արցախի գյուղատնտեսության նախարարության ընդլայնված խորհրդակցությանն անդրադառնալով 2017 թվականին իրականացված աշխատանքներին եւ նախանշելով 2018-ի անելիքները՝ նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ ընթացիկ գյուղատնտեսական տարին լինելու է առանձնահատուկ՝ ոչ միայն նախանշված աշխատանքների ծավալի առումով, այլեւ պայմանավորված այն հանգամանքով, որ մոտ օրերս կընդունվի գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, ինչը կնախանշի ե՛ւ զարգացման նոր ուղղություններ, ե՛ւ գյուղոլորտի պատասխանատուների կողմից նոր մոտեցումների որդեգրում, ե՛ւ հարկ կլինի սահուն անցում կատարել ծրագրային ու իրավական փոփոխություններին: Հայեցակարգի ընդունմամբ ամբողջապես փոխվելու է գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:

«Այսուհետ մենք համակողմանի աջակցություն ենք ցուցաբերելու այն հողօգտագործողին, անասնաբուծության ոլորտում ներգրավված այն տնտեսվարողին, որը պատրաստ կլինի գյուղատնտեսություն վարել ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով, վարել կանոնակարգված, ինտենսիվ գյուղատնտեսություն»,- ասել է Ժ. Միրզոյանը:

Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել հատկապես անասնաբուծության ոլորտի կարգավորման գերխնդրին՝ կարեւորելով կարգավորման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների եւ տեղերում գյուղոլորտի պատասխանատուների դերն ու սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Խոսելով գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ Ժիրայր Միրզոյանը նշել է, որ նախարարությունը հողօգտագործողների կողմից ստացել է 18 տեսակի մշակաբույսերի սերմացուի հայտեր՝ հավելելով, որ այդ ցուցակից, հիմք ընդունելով նպատակահարմարությունը, հանվել են գարնանացան ցորենը, գարին, հաճարը, կարտոֆիլը եւ եգիպտացորենը: Եթե ցորենի, գարու եւ հաճարի մասով ամեն ինչ պարզ է, արդեն վաղուց լայն տարածում գտած այս կուլտուրաների մշակությունն օժանդակության կարիք չունի, ապա կարտոֆիլի մասով նախատեսվում է օժանդակություն դրամաշնորհի տեսքով:

«Ստացվել է շուրջ 4000 հա-ի վրա եգիպտացորենի մշակության համար սերմացուի հայտ: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկած գյուղատնտեսական տարում տեղումների քանակն աննախադեպ ցածր է, նման պայմաններում եգիպտացորենի մշակությունն արդեն ավելի քան ռիսկային է դառնում: Եվ մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հենց որոշեցինք հրաժարվել եգիպտացորենի մշակությանն օժանդակելուց»,- հավելել է Ժ. Միրզոյանը:

Նախորդ տարվա համեմատությամբ այս տարվա աշնանացանն ավելի է 22 հազար հեկտարով, ինչը չմշակվող տարածքների աստիճանական վերացման վկայությունն է, բայց եւ մյուս կողմից՝ վնասատուների դեմ պայքարը բավարար մակարդակի վրա չէ. մեծ աշխարհագրություն ունի գնայուկ բզեզի տարածվածությունը:

Արտեզյան ջրհորների վերաբերյալ նախարարը նշեց՝ դրանք իրենց մնացորդային արժեքներով ներկայացվել են ԱՀ կառավարությանը պետության սեփականություն գրանցելու համար՝ անկախ նրանից, թե ում հաշվեկշռում են գտնվել, ինչից հետո շահագործման համար դրանք հանձնվելու են նորաստեղծ շրջանային կառույցներին:
Սննդի անվտանգության պետական ծառայությունը շոշափելի աշխատանք է կատարում, բայց, հասկանալի պատճառներով, այն չի կարող ամենօրյա վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր համայնքներում, ուստի, նշեց Ժ. Միրզոյանը, անհրաժեշտ է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն օգտվեն այս մասով իրենց վերապահված լիազորություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728