Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, նպատակ ունի սահմանափակել Կառավարության գործունեության մեջ առկա չարաշահումների եւ թերացումների շուրջ քննադատությունները: «Կառավարության աշխատանքի սխալներն ու թերացումներն ակնհայտ են, միեւնույնն է՝ լրատվամիջոցներն անպայման գրելու են այդ մասին»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նա:
Ըստ Նավասարդյանի՝ նշյալ սահմանափակմամբ լրագրողների կողմից Կառավարության աշխատանքի լուսաբանումը պակաս արդյունավետ կլինի՝ իրազեկման տեսանկյունից. «Կարծում եմ՝ դրա նպատակն է նաեւ ճնշումներ գործադրել լրատվամիջոցների նկատմամբ»:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ Կառավարության նիստերի դռնփակ անցկացումն ավելի բարդ է դարձնելու Կառավարություն-լրատվամիջոց եւ Կառավարություն-հանրություն հաղորդակցությունը. «Կառավարության աշխատանքի լուսաբանման որակը կնվազի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ