Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անցնելով քաղցկեղի բոլոր փուլերով, կաշվիս վրա եմ զգացել, թե ինչ կարևոր են հոգեսոցիալական ծառայությունները». Վարդուհի Սարգսյան

Փետրվար 05,2018 12:22

Հայաստանում տարեկան մոտավորապես 8-10 հազար քաղցկեղի առաջնակի ախտորոշում է լինում:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված քննարկմանը ուռուցքաբան, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ներկայացուցիչ Լիանա Սաֆարյանը ներկայացրեց նաև վիճակագրությունը աշխարհում. «Տարեկան մոտ 12 միլիոն առաջնակի քաղցկեղով ախտորոշում է լինում: Սա դարի հիվանդություն է համարվում և սիրտ-անոթային հիվանդություններից հետո երկրորդ տեղում է: Ունենում ենք շատ լուրջ հոգեբանական խնդիրներ: ՀՀ-ում շատ կլինիկաներ կան, որ չունեն այդ ծառայությունը, սա նոր բան է»:

Կլինիկական հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի տնօրեն, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի հոգեսոցիալական ծառայության ներկայացուցիչ Եվա Ասրիբաբայանը նշեց, որ հոգեսոցիալական ծառայության անհրաժեշտության պահանջը եկել է բժիշկներից: Նրա տեղեկացմամբ՝ 2014-ին ԵՊՀ-ում ստեղծվել է հոգեուռուցքաբանության տարածման նախաձեռնող խումբ, և աշխատանքը հանգեցրեց նրան, որ 2016-ին ստեղծել են Հոգեուռուցքաբանության ասոցիացիան:

Դառնալով ծառայության անհրաժեշտությանը՝ Եվա Ասրիբաբայանը նշեց. «Ժամանակը հասունացել էր, որ այս ծառայությունը ներդրվի: Ընդհանրապես սա նոր ոլորտ է, և այն չպետք է լինի ծառայություն ծառայության համար, այլ դա պետք է մոդել լինի. ինչպես հիվանդը ստուգումներ է անցնում, այդ թվում նաև պետք է հոգեսոցիալական գնահատում կատարվի»:

Կլինիկական հոգեբան, «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա», Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Աննա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հոգեբանական ծառայությունը լիովին անվճար է: Այնուհետև նշեց՝ հոգեբանի աջակցության համար հիմնականում դիմում են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդները, երկրորդ տեղում քիմիա թերապիա ստացող հիվանդներն են. «Հիմնականում սկսում է ախտորոշման փուլից, դա տրավմատիկ փուլն է, երբ մարդն իմանում է իր ախտորոշման մասին: Հիմնականում տագնապային, դեպրեսիվ են լինում մարդիկ՝ շատ անգամ ախտորոշման իսկությանը չհավատալով: Առաջնահերթ դիմելիությամբ հիմնականում այն հիվանդներն են, որոնք գտնվում են թե՛ ախտորոշման, թե՛ նախավիրահատական փուլում: Հիմնականում կրծքագեղձի քաղցկեղով պացիենտներն են դիմում, երբ խոսքը մեծ ծավալի վիրահատության մասին է: Երկրորդ տեղում քիմիաթերապիա ստացող հիվանդներն են: Երրորդ տեղում դիմում են գինեկոլոգիական խնդիրներով: Երբ բուժումը սկսում է քիմիաթերապիայից, այստեղ կարևոր է պացիենտի դերը, նաև մտերիմների աջակցությունը»:

Քաղցկեղը վերապրած Վարդուհի Սարգսյանը վստահեցրեց, անցնելով քաղցկեղի բոլոր փուլերով, իր կաշվի վրա է զգացել, թե ինչ կարևոր են հոգեսոցիալական ծառայությունները: Ըստ նրա ՝ հոգեբանական ծառայություններն, ընդհանուր առմամբ, մի փոքր թերագնահատված են մեր իրականության մեջ, բայց քաղցկեղի պարագայում դա կրկնակի խնդիր է. «Երբ անձը հասկանում է, որ այդ խնդիրն իրեն է առնչվում, ընկնում է ծայրահեղ դեպրեսիվ տրամադրության մեջ, որը ոչ միայն չի նպաստում, այլև խոչընդոտում է բուժմանը: Քաղցկեղը գերակշռող մեծամասնության մոտ մահվան դատավճիռ է դառնում. մարդիկ փորձում են համակերպվել կամ վարվել այնպես, ինչպես կվարվեին մահվան դատավճռին: Նման իրավիճակում հոգեբանական աջակցությունը կրկնակի կարևոր է»:

Անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին՝ Եվա Ասրիբաբայանը մտահոգություն հայտնեց. «Մենք չունենք հոգեբանական դաշտի կարգավորումներ, չունենք լիցենզավորման համակարգ: Ուստի ստացվում է՝ ցանկացած մարդ կարող է անցնել երեք ամսվա կուրսեր և ասել, որ ինքը հոգեբան է: Առանց լիցենզավորման դաշտն ուղղակի վտանգավոր է դառնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728