Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատվավոր թոշակառու նախագահ եւ սուպերվարչապետ»

Փետրվար 05,2018 13:00

«Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ
Վարդան Հարությունյանի հարցազրույցը վերջին անցուդարձերի շուրջ

– Սերժ Սարգսյանն առաջարկեց, որպեսզի ՀՀԿ-ն ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում առաջադրի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս թեկնածությանը:

– Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին առաջարկելուց առաջ հրապարակեց իր պատկերացումներն ապագա նախագահի որակների մասին։ Համաձայն այդ պատկերացումների՝ ապագա նախագահը պետք է լինի ապաքաղաքական մի կերպար՝ մոտավորապես՝ պատվավոր թոշակառու։ Դատելով ամեն ինչից՝ Սերժ Սարգսյանն այդ քաղաքական պաշտոնի համար գտել է իր պատկերացրած ապաքաղաքական կերպարին։ Ես Արմեն Սարգսյանի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Նա հայաստանյան միջավայրից չէ։ Կտրված է եղել ու օտար է այդ միջավայրին։ Նրա փոխարեն նույն հաջողությամբ կարելի էր մեր իրականությունից դուրս գտնվող ցանկացած մեկին առաջարկել։ Հայաստանն այլեւս վարչապետական երկիր է։ Նախագահը բոլորովին էլ նախագահ չէ, ու նրանից ոչինչ կախված չի լինելու։ Բոլոր խնդիրները լուծելու է վարչապետը։ Այս պարագայում նախագահի պաշտոնը զբաղեցնել պատրաստվող այս կամ այն թեկնածուի որակները քննարկելը անիմաստ զբաղմունք է դառնում։

– Իշխող կուսակցության ներկայացուցիչներն այս ընթացքում Արմեն Սարգսյանի գովքն են անում, ասում են՝ նրա ունեցած մեծ հեղինակությունը, բիզնես ունակությունները շատ կօգնեն Հայաստանին: Ինչո՞վ կամ ինչպե՞ս դրանք կարող են օգնել Հայաստանին:

– Եվրոպաներում ու ամերիկաներում շատ ավելի հաջողակ բիզնեսմեններ կան, քան նրանց առաջարկած թեկնածուն է, որոնք ե՛ւ ապաքաղաքական են, ե՛ւ լեզուներ գիտեն։

– Երկրի գլխավոր պաշտոններում նշանակում-առաջադրում-ընտրություններից` նախագահ, ԱԺ նախագահ, կատարվող կառուցվածքային փոփոխություններից տպավորություն է, որ պարարտ հող է ստեղծվում ապագա վարչապետի համար, այն իմաստով, որպեսզի իշխանական այլ օղակում նրան հակադրվող չլինի: Թեեւ Սերժ Սարգսյանը դեռ չի հայտարարել վարչապետ դառնալու իր ցանկության մասին, կամ ՀՀԿ-ն դեռ նման հանձնարարական չի իջեցրել կուսակցական Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ այս ամենը չե՞ն փաստում, որ ՀՀ հաջորդ վարչապետը հենց Սերժ Սարգսյանն է լինելու:

– Արդեն մի քանի տարի է՝ ամեն ինչ արվում է ապագա վարչապետի համար՝ սկսած Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման պահից։ Սա ակնհայտ է։ Եվ կադրային այս առաջադրում-նշանակումները այդ նույն համատեքստից են։ Մենք ունենալու ենք «սուպերվարչապետ», որի պարագայում մնացած բոլոր առանցքային օղակների ղեկավարները վարչապետի ստվերում գտնվող անկամ չինովնիկներ են լինելու՝ առանց քաղաքական ձգտումների, առանց ազդեցության լծակների եւ առանց նախապես չհամաձայնեցված կարծիքներ հնչեցնելու իրավունքների։

– Կարծում եք՝ ՀՀ հաջորդ կառավարությունն ու վարչապետը կգնա՞ն համակարգային փոփոխությունների, ինչի մասին տեւական ժամանակ խոսվում է: Ի՞նչը կարող է իշխող ՀՀԿ-ին ստիպել վերանայել խաղի կանոնները հօգուտ պետության, պետականության, հանրության շահի:

– Որեւէ համակարգային փոփոխություն բացառվում է։ Միամտություն է այս իշխանավորներից համակարգային որեւէ փոփոխություն սպասելը։ Հսկայական ժամանակ է, ինչ երկրում նրանք են իշխանավոր։ Նման ցանկություններ կամ ծրագրեր ունենալու դեպքում վաղուց արդեն դա արած կլինեին։ Ոչ ոք նրանց չէր խանգարում։ Նրանց պատկերացումները պետության, իշխանության ու իշխանավարման մասին չեն փոխվելու։ Նրանք ինչպիսին եղել, այնպիսին էլ մնալու են։ Ցանկացած ճանապարհով ունեցած իշխանության երկարաձգում, սեփական բարեկեցության ու անվտանգության ապահովում՝ սրանք են եղել ու սրանք էլ մնալու են նրանց առաջնային խնդիրները։

– ԱՄՆ-ը հրապարակեց «կրեմլյան ցուցակը»: Այդ ցուցակում երեք հայ կա, նրանցից մեկն էլ` Սամվել Կարապետյանը, Հայաստանում լուրջ բիզնես ծրագրեր է իրականացնում: Ի՞նչ ազդեցություններ կարող են ունենալ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի, մասնավորաբար, տնտեսական համակարգում:

– Այդ մարդիկ ազգությամբ հայ են, բայց ռուսական բիզնես էլիտայի ներկայացուցիչներ են եւ որպես այդպիսին էլ հայտնվել են այդ ցուցակում։ Շատ երկար ժամանակ է արդեն, ինչ Հայաստանը ռուսական սայլին կցված երկրի է վերածվել։ Սրա առաջին պատասխանատուն, իհարկե, Հայաստանի իշխանություններն են։ Ռուսաստանը հարեւանների ու եվրոպական երկրների նկատմամբ վարած իր ագրեսիվ ու զավթողական քաղաքականության պատճառով հայտնվել է մերժված երկրների ցանկում եւ դեռ շատ հարվածներ է ստանալու։ Ցավն այն է, որ Ռուսաստանին ուղղված հարվածներից, որպես Ռուսաստանի կցորդի, բաժին է հասնելու նաեւ մեզ։

– Հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոնի) հետ կապված աղմկահարույց պատմություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Սա խոսում է մեր երկրի որակի մասին։ Նաեւ՝ միակ դեպքը չէ։ Յուրաքանչյուր հայաստանցի կարող է թվարկել իշխանության մեջ գտնվող կամ իշխանությանը սերտաճած քրեականների մի մեծ ցուցակ։ Քրեականների ձեռքով ու նրանց օգնությամբ բռնություններ են գործադրել ու գործադրում անհաճո գործիչների նկատմամբ, օգտագործում են նրանց ընտրական գործընթացներում, հրապարակային միջոցառումների ու բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ, մտերմություն են անում նրանց հետ։ Մեր երկրում քաղաքականությունը եւ քրեականությունը սերտաճած են, շատ են նման դեպքերը։ Միայն այս մեկ օրինակը մատնանշելը ու դրա վրա կենտրոնանալը չի նշանակում, թե մեր հանրությունը նման բացահայտումից կարող է զարմանալ։

– ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանի սպառազինությունը: Դավոսում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը հայտարարեց ռազմական ոլորտում ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին: Հայկական կողմում շարունակում են նորմալ վերաբերվել այդ «բիզնես» ծրագրին: Սահմանում նոր ռազմական գործողությունների հավանականությունը, ըստ Ձեզ, որքա՞ն է:

– Ռուսաստանը երկիր է, որը տարածաշրջանային հակամարտությունների վրա իր ձեռքերն է տաքացնում ու իր գրպաններն է լցնում։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը միակը չէ։ Ռուսաստանը նաեւ երկիր է, որը շահագրգռված է, որ ինչքան հնարավոր է՝ երկար տեւեն շատ դեպքերում հենց իր կողմից հրահրված հակամարտությունները։ Նաեւ՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Այն պետք է Ռուսաստանին հակամարտող կողմերին զենք վաճառելու, ինչպես իրենք են ասում՝ բիզնես անելու եւ տարածաշրջանում իր ներկայությունը պահպանելու ու ամրապնդելու համար։

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

03.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728