Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարության անդամի նշանակման կամ պաշտոնանկության դեպքում ՀՀ նախագահի առարկություններն օրենքով կարող են հաշվի չառնել

Փետրվար 05,2018 12:30

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծին նախօրեին կառավարությունը հավանություն տվեց, այս նախագիծը ուղարկվելու է Ազգային ժողով, որի ընդունումն էլ որոշվելու է քվեարկությամբ: Օրենքի այս նախագծով սահմանվում են կառավարության ղեկավարի ու անդամների լիազորություններն ու գործունեությունը: Նախագծով նաեւ կարգավորվում է կառավարության որեւէ անդամին նշանակելու կամ պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի իրավազորության սահմանը:

ՀՀ 4-րդ նախագահի լծակները կառավարության որեւէ անդամի նշանակելու կամ հեռացնելու հարցում այնքան էլ ազդեցիկ չեն: Եվ եթե անգամ նախարարի կամ փոխվարչապետի որեւէ թեկնածու ՀՀ նախագահի սրտով չէ, ինչի մասին նախագահը իր լիազորությունների շրջանակում հայտնում է վարչապետին, այնուամենայնիվ, վերջնական որոշողը ՀՀ վարչապետն է կամ Սահմանադրական դատարանը: Ըստ էության, այս օրենքով նախագահի՝ կառավարությանը վերաբերող մի շարք հարցերում լիազորությունները ձեւական են:

Օրինակ՝ օրենքի նախագծի՝ «Կառավարության կազմում փոփոխությունները» 5-րդ հոդվածով սահմանված է. «Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ է կատարում կառավարության կազմում:

Վարչապետը պարտավոր է հանրապետության նախագահին առաջարկել կառավարության կազմում փոփոխություն: Վարչապետը հանրապետության նախագահին ներկայացնում է կառավարության անդամի նոր թեկնածուին: Եթե հանրապետության նախագահը կառավարության նոր անդամ նշանակելու վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, իսկ վարչապետը եռօրյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ստորագրում կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան»: Այսինքն՝ եթե նախագահը որեւէ առարկություններ է ունենում վարչապետի ներկայացրած որեւէ նախարարի կամ փոխվարչապետի թեկնածուի վերաբերյալ, եւ եթե վարչապետը չի ընդունում նախագահի առարկությունները, նախագահը ստիպված է լինելու կամ ստորագրել տվյալ թեկնածուի նշանակման հրամանագիրը, կամ դիմել ՍԴ: Իսկ եթե ՀՀ նախագահը դիմի ՍԴ՝ տվյալ նախարարի նշանակումը վիճարկելու համար, ապա օրենքով պարզ չէ՝ վարչապետի առաջարկած թեկնածուն այդ պաշտոնում աշխատելո՞ւ է, թե՞ պաշտոնը թափուր է լինելու մինչեւ ՍԴ-ի որոշումը կայացվի:

ՀՀ նախագահի լծակները կրկին ձեւական, նույնիսկ կարելի է ասել՝ ուժ չունեցող են փոխվարչապետի կամ որեւէ նախարարի պաշոնանկության դեպքում: Օրինակ՝ նույն օրենքով սահմանվում է. «Կառավարության անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրամանագրի հրապարակման պահից: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում պաշտոնից չի ազատում վարչապետի կողմից առաջարկված կառավարության անդամին, ապա համապատասխան փոխվարչապետի կամ նախարարի լիազորությունները դադարեցված են համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում կառավարության պաշտոնական կայքէջում»: Այսինքն՝ եթե վարչապետը որոշի որեւէ նախարարի ազատել պաշտոնից, եւ եթե անգամ երկրի նախագահը այդ որոշման հետ համաձայն չլինի եւ առարկություններ ներկայացնի, միեւնույն է՝ դրանք էական չեն եւ որեւէ ազդեցություն չունեն, եւ փաստորեն վարչապետի ներկայացրած փոխվարչապետի կամ նախարարի պաշտոնանկությունը ի կատար է ածվելու:

«4-րդ հանրապետության» եւ նոր Սահմանադրությամբ, ինչպես բազմիցս ասվել է, վարչապետի լծակներն ու լիազորություններն ավելի լայն են, քան նախագահինը: Եվ որքան էլ վարչապետն ինքնուրույն ու միանձնյա որոշումներ կայացնի, դրանց մասին պարտավոր է իրազեկել երկրի նախագահին: Այս օրենքի նախագծում գրված է. «Կառավարությունը պարբերաբար իրազեկում է հանրապետության նախագահին կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման, իսկ հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ առանձին հարցերի վերաբերյալ»: Այլ հարց է, թե երկրի նախագահը վարչապետի վարած քաղաքականությանն ընդդիմանալու, եւ եթե դրանք իր սրտով չլինեն, ինչ խոչընդոտներ կարող է ստեղծել: Ըստ էության՝ որեւէ լուրջ լծակ չունի: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ նախագահին վերապահված է հետեւել Սահմանադրության պահպանմանը:

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն է նշանակում ՀՀ վարչապետին, որը խորհրդարանական մեծամասնության թեկնածուն է:
Ո՞ր դեպքում պետք է կառավարությունը հրաժարական ներկայացնի՝ սահմանվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով, որն էլ հղում է անում Սահմանադրության 158-րդ հոդվածին: Ըստ այդմ, «Կառավարությունը հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանին, կառավարությանը վստահություն չհայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարականներ կայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել հետեւյալ դեպքերում՝ նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն: Նա խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները: Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝

1.Վարչապետը մահացել է:

2. Վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

3. Վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

4. Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին չի առաջարկում փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին՝ առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

5. Վարչապետի հրաժարականի դեպքում հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում կառավարության հրաժարականն ընդունելու մասին»:
Այս օրենքի նախագծում կա մի ուշագրավ կետ, որով նախագահն ու վարչապետը նախարարներին կարծես թե բաժանում են՝ «իմն է-քոնն է» բանակների: Հոդված 4-րդը սահմանում է, որ լիազորությունները ստանձնած կառավարության անդամները տալիս են երդում: Ընդ որում, կառավարության անդամները երդվում են հանրապետության նախագահի ներկայությամբ հանրապետության նախագահի նստավայրում, իսկ իրավունքի ուժով նշանակված կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ վարչապետի նստավայրում:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

03.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728