Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը հանդիպում է, որ ի՞նչ անի

Փետրվար 05,2018 12:00

Հարցեր ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուին

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հունվարի 18-ին որոշեց նախագահի թեկնածու առաջադրել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին: Վերջինս հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ասաց, որ որոշում ընդունելուց առաջ կհանդիպի քաղաքական տարբեր ուժերի, գիտնականների, մտավորականների, սփյուռքի հայերի եւ այլ շերտերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումները շարունակվում են: Եթե Արմեն Սարգսյանը այդ հավաքներում պատասխաններ է տալիս, ապա նրա պահվածքից հարցեր են առաջանում:

Կարեւոր մի հանգամանք կա. Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի աջակցությամբ է նախագահ դառնալու: ՀՀԿ-ն ավելի քան 20 տարի է՝ ղեկավարում է Հայաստանը: Այնպես է ղեկավարում, որ արտագաղթը չի դադարում, կոռուպցիան չի նվազում, փողոցում օրը ցերեկով մարդ սպանելը դառնում է սովորական, օլիգարխ եւ պաշտոնյա չեն տարբերում: Հարց առաջին. այս հենքով նախագահը կարո՞ղ է դրական տեղաշարժ ապահովել, տրորել իրեն նախագահ դարձրած կուսակցության ոտքը:

Իր կիսանախընտրական, կիսաքարոզչական հանդիպումներում Արմեն Սարգսյանն ասաց այն, ինչի մասին լռում է 20 տարի. 1998թ. Հայաստանից հեռացել է առողջական խնդիրների պատճառով, այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտ չի ունեցել: Այս պնդումը հաստատեցին նրա մտերիմները, Վազգեն Սարգսյանի եղբայրները` Արամ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, փաստաթղթեր հրապարակեցին: Հարց երկրորդ. ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը 20 տարի լռել, ինչո՞ւ 20 տարի նա այսօրվա համառությամբ չի պատասխանել Վազգեն Սարգսյանի դեմ զրպարտությանը: Արմեն Սարգսյանը 20 տարի հրաժարվել է հարցազրույցներից: Մերժվածների ցուցակում ինքս էլ կամ:

Երեւանում այս կամ այն վայրում հանդիպում կազմակերպելը առանձնապես մեծ ծախսեր չի ենթադրում: Բայց դրսի հայ համայնքների հետ հանդիպումները ծախսատար են: Եթե Արմեն Սարգսյանը դեռ չի որոշել՝ նախագահ դառնա՞լ, թե՞ ոչ, ինչո՞ւ է նման ծախսեր անում: Անում է որ ի՞նչ անի:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

03.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728