Դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագիծը կարգավորվում է դատարանների նախագահների խորհրդի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 77 որոշումով, որին հասարակությունը գրեթե անտեղյակ է, որից եւ շատ դեպքերում առիթավորվում են դատավորները եւ դահլիճի մնացած նստարանների նկատմամբ իրենց աթոռի բարձր դիրքը հարմարեցնում են իրենց ոչ հարիր պահվածքին, նույնիսկ փորձում են իրենց իրավական գիտելիքների իմացությունն օգտագործել կողմին, եթե չասենք ստորացնելու, ապա` անհարմար վիճակի մեջ դնելու համար, ընդ որում՝ այդ վարքագիծը կարող է դրսեւորվել եւ դատական նիստերի ժամանակ, եւ դրանից դուրս` ձայնագրությունը անջատելով, բնական է, նիստերի քարտուղարը ցանկացած դեպքում չի կարող այն արձանագրել: Շատ դեպքերում անտեսելով կողմի շահերը, առանց որեւէ լուրջ պատճառների կամ հիմնավորման, հետաձգում են նիստերը, անհարկի, աննպատակ հրավիրում բազմաթիվ նախնական դատական նիստեր, որի արդյունքում անուղղելի վնաս է հասցվում արդարադատությանն ու դատական համակարգին: Վերոհիշյալ գործոնների առկայությունը հատկապես ցցուն է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ա. Գաբրիելյանի եւ Ս. Մանուկյանի (նստավայրը` Սեւան) գործելաձեւերում:
2017 թվականի փետրվարի 13-ին Ս. Մանուկյանի վարույթում է գտնվել ԳԴ4/0195/02/17 քաղ. գործը` 70.000 ՀՀ դրամ բռնագանձելու եւ երկու ոսկյա մատանիներ ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջով, սույն գործով հրավիրվել են բազմաթիվ նախնական դատական նիստեր եւ միայն 2017 թվականի դեկտեմբերի 26-ին է հրապարակվել վճիռը, ընդ որում՝ հայցվորը Մարտունի քաղաքի բնակիչ է եւ, տեսնելով գործի ձգձգումը, դիմում է հղել դատարանին՝ խնդրել գործի քննությունն անցկացնել իր բացակայությամբ, քանի որ հարցի լուծումն այլեւս իր համար տնտեսապես հետաքրքիր չի:
Ս. Մանուկյանի 26.06.2017թ. որոշումով վարույթ է ընդունվել Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Զոհրաբյանի՝ վարձավճարի չափը պակասեցնելու մասին, հայցապահանջն ընդդեմ Մարտունու քաղաքապետարանի: Առաջին դատաքննությունը նշանակվել է 19.09.2017 թվականին, երկրորդը՝ 14.12.2017թ., երրորդը` 26.12.2017թ: Կողմերը դեկտեմբերի 26-ին դատարանին են ներկայացնում հաշտության համաձայնություն, սակայն գործի նման ընթացքը նախագահողի դուրը չի գալիս, եւ, ըստ Մ. Զոհրաբյանի, փորձում է կողմերին ապացուցել, որ հաշտության համաձայնությունը ճիշտ չի, սակայն կողմերի «համառությունը» նախագահողին հունից հանում է եւ Մ. Զոհրաբյանին հարց է ուղղում` դու ին՛չ կրթություն ունես… դրա համար էլ չես հասկանում:
Ա. Գաբրիելյանի 20.06.2017 թվականի որոշումով վարույթ է ընդունվել Ի. Մարտիրոսյանի` սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, հայցն ընդդեմ Վարդենիսի սպառկոոպի (գործ՝ ԳԴ1/0520/ 02/17): Պահանջի համար հիմք է հանդիսացել ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի` Ի. Մարտիրոսյանի կողմից իր ծնողների ժառանգությունը տիրապետման եղանակով ընդունելու իրավաբանական փաստի հաստատման մասին, օրինական ուժ ստացած վճիռը: Սպառկոոպն ընդունել է Ի. Մարտիրոսյանի հոր` 2010 թվականին մահացած Սամվել Լիպարիտի Մարտիրոսյանի, կողմից կոոպերացիային պատկանած շինությունը գնելու փաստը: Դատարանին է ներկայացվել նաեւ շինության արժեքի վճարման անդորրագիրը: Սույն գործով հրավիրվել են երեք դատական նիստեր, իսկ չորրորդը նշանակվել է 2018 թվականի փետրվարի 15-ին: Ուշագրավ է դատական նիստերի հետաձգման «հիմնավորումները»` մի դեպքում, չնայած պատասխանողի կողմից դատաքննությունն իր բացակայությամբ անցկացնելու դիմումին, հանձնարարել է հայցվորին ապահովել պատասխանողի ներկայությունը հաջորդ դատական նիստին, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին հայցվորը Վարդենիսից Սեւանում գտնվող դատարան էր հասել առավոտյան ժամը 11.00-ին եւ սպասել ժամը 14.30-ին նշանակված դատական նիստի կայացմանը, սակայն 14. 34-ին, երբ Ի. Մարտիրոսյանը մոտեցել է դատական կարգադրիչներին, վերջիններս հեռախոսային հարցումից հետո հայտնել են, որ դատական նիստը կայացել է:
Սեւանում քաղաքացիական գործերը քննվում են շենքի երկրորդ հարկում, որտեղ կողմերին ուղեկցում են դատական կարգադրիչներն ըստ իրենց տրամադրված դատական նիստերի ցուցակի: Այստեղ հետաքրքիրն այն է, որ դատավորն իմանալով, որ ներքեւում սպասում են, չճշտելով կարգադրիչների կողմից չուղեկցելու պատճառը, կայացրել է դատական նիստ եւ հետաձգել:
Ա. Գաբրիելյան դատավորի գործողությունները երբեմն բացարձակապես անհասկանալի են: Օրինակ` ԳԴ4/2283/02/17 քաղ. գործով 2017 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացրել վերադարձնել հայցադիմումը եւ կից փաստաթղթերը, քանի որ հայցադիմումում նշված չի հայցվորի սոցիալական քարտի համարը, այն դեպքում, երբ հայցադիմումին, որպես անձը հաստատող փաստաթուղթ, կցված է հայցվորի նույնականացման քարտը, որի դարձերեսին առկա է հանրային ծառայության համարանիշը, հետեւաբար սոց. քարտ ունենալ-չունենալու մասին խոսք չի կարող լինել: Նշված երկու դատավորներն էլ, չնայած ներկայացուցչի պահանջներին, այդ թվում նաեւ` գրավոր, համառորեն ներկայացուցչին չեն ծանուցում դատական նիստերի մասին, ավելին` Ս. Մանուկյանը բարձրաձայնում է` դու ով եղար, որ քեզ ծանուցեմ:
Մեր կարծիքով՝ դատավորների վերոհիշյալ վարքագիծը վկայում է երկու հանգամանքի մասին` մարդասիրության բացակայության` դատավորներն իմանալով Վարդենիս-Սեւան, Մարտունի -Սեւան տրանսպորտային ուղիղ կապի բացակայության մասին, որ կողմերը ստիպված պետք է օգտվեն տաքսի ծառայություններից, առանց որեւէ իրավական հիմքի հետաձգում են դատական նիստերը, որի արդյունքում պատճառում են նյութական եւ բարոյական վնասներ. անչափ եսասիրության, եթե չասենք եսամոլության` քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ցուցադրաբար թերթելով, կողմերին ենթարկում են իրավական գիտելիքների տիրապետման հարցաքննության, ընդ որում՝ դրանք զուգակցելով թատերական ժեստերով`զարմանք, ջղայնություն, խորհրդավոր հայացք դեպի առաստաղ եւ այլն:
Նկարագրված դեպքերը միակը չեն: Ընդհանրապես այս երկու դատավորների վարքագիծը հասարակության մեջ ջնջում է արդարադատություն հասկացությունը:
Մենք չենք ուզում անդրադառնալ հասարակության մեջ այս դատավորների մասին ընթացող խոսակցություններին, որոշակի դեպքերում նրանց կողմից դրսեւորված անձնական անհանդուրժողականությունը որոշակի ներկայացուցչի նկատմամբ, որի մասին նրանք դատական նիստից դուրս բարձրաձայնում են, իմանալով, որ հայցադիմումը եւ կից փաստաթղթերը այդ փաստաբանն է կազմել, ինչը հարիր չի դատավորներին, ահա այս ֆոնի վրա դատական նոր օրենսգրքով փաստաբաններին տուգանելու դրույթը դառնում է անհեթեթ ու փաստաբաններին դատավորների հետ այլ բնույթի համագործակցության հակելու իրավական գործիք, որի պայմաններում արդարադատությունը, որպես սկզբունք, պրակտիկայում կվերանա:
Մեր կարծիքով, նշված փաստերը բավարար են ապացուցելու, որ դատավոր նշանակվելուց առաջ, իսկ հետո` որոշակի պարբերականությամբ, օրենսդրորեն պետք է կարգավորվի նրանց հոգեբանական եւ այլ հատկանիշների վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ունենալու հարցը, քանի որ նրանք իշխանության ինքնուրույն ճյուղի` դատական համակարգի գործուն ներկայացուցիչներ են, որոնց ամբողջական պատկերը դատական համակարգի պատկերն է:
ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ
իրավաբան
Հ.Գ. Խնդրում եմ իրավասու մարմիններին հոդվածում մատնանշված փաստերի հիման վրա հարուցել կատարողական վարույթ նշված դատավորների նկատմամբ:
«Առավոտ»
03.02.2018