Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մայրս եղել եւ մնում է իմ միակ ուսուցիչը»

Փետրվար 05,2018 11:00

Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը շարունակում է մոր գործը

ՈՉ բոլոր երգիչներին է տրված վայելել այն հաճույքը, երբ հանդիսատեսը շուրջ երկուսուկես ժամ ձգվող մենահամերգի ժամանակ ոչ միայն յուրաքանչյուր կատարումից հետո օվացիաներ է հնչեցնում, այլեւ «մասնակից» է դառնում՝ ձայնակցելով կատարողին: Այդպես էին անցնում Ֆլորա Մարտիրոսյանի մենահամերգները: Ավելի քան հինգ տարի է, ինչ չենք վայելում սիրված երգչուհու կենդանի կատարումները:

ՀՀ ժողովրդական արտիստի առաջին բեմելը եթե համարենք 1973թ. կայացած «Գարուն» երգի մրցույթը, որտեղ երգչուհին արժանացավ առաջին մրցանակի, ապա նրա բեմական կյանքը ձգվեց շուրջ 40 տարի: Հենց առաջին բեմելից նա ձեռք բերեց երկրպագուների իսկապես մեծ լսարան: Հետո երգչուհու համար գրվեցին երգեր՝ հանրահայտ «Ծով աստղիկը», «Իմ հասակը» եւ այլն, որոնք դեռեւս այդ տարիներին դարձան սիրելի, ու Ֆլորա Մարտիրոսյան անունը տարածվեց ողջ Սփյուռքով: Մի կարեւոր հանգամանք եւս. երգչուհին երեւան եկավ այն ժամանակ, երբ ժողովրդական, աշուղական երգարվեստում թնդում էին մեր անվանի կատարողների անունները: Փաստորեն, եկավ ու կարճ ժամանակում ոչ միայն հաստատվեց, այլեւ դասվեց լավագույնների շարքում: Երգչուհու անվան շուրջ մինչ օրս էլ խոսակցություններ են պտտվում, թե իր կոլեգաների օրինակով նա էլ որպես մշտական բնակության վայր ընտրեց Լոս Անջելեսը, բայց դա այդպես չէր: Տասը տարի Լոս Անջելեսում բնակվելուց հետո 1997թ. ընտանիքով վերադառնում է Երեւան, շուրջ 5 տարի տնօրինում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, ապա ամուսնու՝ ճանաչված լրագրող Հրահատ Գեւորգյանի աշխատանքի հետ կապված՝ դարձյալ վերադառնում ԱՄՆ:

Ընտանիքով

Մեզ հետ հանդիպումների ժամանակ երգչուհին նեղվում էր, երբ որոշ լրատվամիջոցներ իր այցերը հայրենիք ներկայացնում էին իբրեւ հյուրախաղեր: Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ էր, որ 2002թ. ԱՄՆ-ում հիմնվեց Սփյուռքում առաջինը Կոմիտասի անունը հավերժացնող երաժշտական ակադեմիան: Իսկ 2007թ. նա հիմնեց Artists for Peace բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվեցին աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր եւ այս հիմնադրամի շնորհիվ էր, որ նրանք քանիցս իրենց ձայնը բարձրացրին ոչ միայն ընդդեմ Հայոց ցեղասպանության, այլեւ ընդհանրապես ցեղասպանությունների՝ «Այլեւս երբեք» մշակութային շարժման միջոցով:

Ֆլորա Մարտիրոսյանն առաջին հայ երգչուհին էր, որ 2011թ. Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում նրա անդրանիկ մենահամերգը ողջունելու ու դրան մասնակցելու էին եկել այնպիսի անուններ, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը, Չակա Խանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը եւ ուրիշներ:

Լրացել է Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան 60-ամյակը: Այս առիթով նրա ծննդյան օրը՝ փետրվարի 5-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա երեկո, ինչի առիթով Երեւանում է նրա դուստրը՝ Էլֆրիդա-Մերի Գեւորգյանը: Նրան, եթե չենք սխալվում, մեկ անգամ ենք հանդիպել բեմում: «Առավոտի» հետ զրույցում երգչուհու դուստրը հիշեց. «2012թ. մայրիկիս երեւանյան հերթական մենահամերգներից մեկն էր, նրա հետ հանդես եկա դուետով, կատարելով «Լուսնյակ գիշերը»: Հաջորդ տարին Լոս Անջելեսում մայրիկիս ծննդյան օրը ես ու եղբայրս՝ Հենրին, անակնկալ մատուցեցինք նրան՝ մենահամերգին հնչեցնելով Մարինա Ալեսի «Պատրանքի թեւով» երգը…»:

Տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Ֆլորա Մարտիրոսյանն ասել էր, որ երազում է դուստրը երգչուհի դառնա: Էլֆրիդա-Մերի Գեւորգյանը հաստատելով, ընդամենն ասաց. «Ես այդ ճանապարհն էլ ընտրել եմ, երգացանկս էլ դասական հեղինակներից մինչեւ մեր կոմպոզիտորական դպրոցի ճանաչված ստեղծագործողների երգերն են: Իհարկե, նաեւ նմուշներ մայրիկիս երգացանկից»: Հետաքրքրությանը՝ առաջին քայլերը արել է մայրիկի ղեկավարությամբ, իսկ հետո ով է նրան ուղղորդել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մայրս եղել եւ մնում է իմ միակ ուսուցիչը»:

Հնարավո՞ր է այստեղ մենահամերգ ունենա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սկսել եմ այդ ուղղությամբ աշխատել: Համերգներ կլինեն եւ Երեւանում, եւ ԱՄՆ-ում, հավանաբար աշնանը»:

Էլֆրիդա-Մերի Գեւորգյանը հավելեց նաեւ, որ ինքն ու եղբայրը պատրաստվում են նոր շունչ տալ մոր հիմնադրած Artists for Peace բարեգործական հիմնադրամի գործունեությանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ֆլորա Մարտիրոսյանը՝ դստեր հետ:
Ընտանիքով

«Առավոտ»

03.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728