Հարգելի՛ պարոն Տարոն Մարգարյան,
Ի պատասխան իմ՝ 28.12.2017թ. թիվ Ե-1/149 գրության ստացել էի Ձեր պատասխանը, որում մանրամասն նկարագրված էր, թե Մյասնիկյանի արձանի հարակից այգին ում կողմից է վերակառուցվում, որ որոշումների ու նորմերի հիման վրա, ինչն իմ գրության խնդիրը չէր:
Խնդիրը հետևյալն է՝ հազարավոր մարդիկ Մարտի 1-ին այցելելու են այս հրապարակ, ուր ավանդաբար ծաղիկներ են դնում Մյասնիկյանի արձանի պատվանդանին ի հիշատակ 2008 թվականի Մարտի 1-ին իշխանությունների կողմից սպանված 10 քաղաքացիների:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ խնդրում եմ ինձ տալ հակիրճ և հստակ պատասխան՝ բացվելո՞ւ է արդյոք Մյասնիկյանի արձանի հարակից տարածքի՝ վերակառուցման համար կառուցված ցանկապատի փոքր հատվածը միայն Մարտի 1-ին՝ այդ իրադարձությունների 10-րդ տարելիցի օրն, ինչը թույլ կտա քաղաքացիներին մոտենալ այդ վայրին, հարգել զոհերի հիշատակը:
Սա ակնհայտորեն թույլ կտա նաև խուսափել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող այս ձեռնարկի շուրջ ավելորդ լարվածությունից:
Արայիկ Հարությունյան
Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ