ՀՀ ԿԱ մարզահամալիրում (նախկին «Միկա») ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնության ավարտից հետո այս տարիքային խմբի հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը Aravot.am-ին ասաց. «Հետաքրքիր ու համառ գոտեմարտեր բավականին շատ եղան: Ընդհանուր առմամբ մասնակցում էր 240 ըմբիշ՝ Երեւանից եւ հանրապետության մարզերից ու քաղաքներից:
Մեր մարզչական շտաբը կձեւավորի հավաքականի ընդլայնված կազմը, որը փետրվարի 19-ից 20-ը Կիեւում կմասնակցի միջազգային մրցաշարի: Այնուհետեւ ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Ծաղկաձորում, որի ընթացքում անմիջականորեն նախապատրաստվելու ենք տարվա երեք գլխավոր մեկնարկներին՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին եւ Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:
Հուսով եմ, որ ինչպես նախորդ երկու պատանեկան օլիմպիական խաղերում, այս մեկում էլ մասնակից կունենանք: Դրա համար պետք է լավ նախապատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է: Տասը քաշային կարգերից օլիմպիական են 45, 51, 60, 71 եւ 92 կգ քաշային կարգերը: Սակայն Բուենոս Այրեսում կանոնների համաձայն ամեն մի երկիր երկու մասնակից կարող է ունենալ», – ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ