Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղցկեղի շնորհիվ ես շատ բան հասկացա». Անի Հայկունի

Փետրվար 04,2018 20:00

«Բժիշկն ինձ ասաց, որ ինձ մոտ հայտնաբերվել է քաղցկեղի ագրեսիվ տեսակ, որը լուրջ բուժում է պահանջում։ Հարցրի՝ իսկ կարող եք ինձ երկու ամսում բուժել, ասաց ՝ ինչու՞, ասացի դե ես պիտի Օքսֆորդ գնամ, քաղցկեղի համար ժամանակ չունեմ»,- ժպիտով պատմում է այսօր արդեն Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Անի Հայկունին։

Անկեղծ ասած միշտ շատ ուշադիր ու հոգատար եմ եղել սեփական անձիս նկատմամբ, վարել եմ առողջ ապրելակերպ։ Մտքովս երբևէ չէր անցնի, որ ինձ մոտ նման հիվանդություն կհայտնաբերվի։ Օքսֆորդ մեկնելու պատրաստություններն էի տեսնում, երբ հուլիսի կեսերին այցելեցի բժշկի. մեկ շաբաթ շարունակ աջ թևիս շրջանում անսովոր, ճառագայթող ցավեր ունեի։ Մտածում էի՝ թեթև բան է, շուտ կբուժվեմ ու կգնամ Անգլիա, բայց…

Մամոգրաֆիա անող բժիշկը կանչեց ինձ ու ասաց, որ ՝ գիտես ես հիմա հաստատ չեմ կարող ասել, բայց հնարավոր է՝ սա ինչ-որ լուրջ բան է, պետք է այլ հետազոտություններ անցնես։ Անմիջապես հարցրի՝ ուզում եք ասել հնարավոր է, որ սա քաղցկեղ է, ասաց՝ հնարավոր է …

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների ողջ աշխարհում չարորակ նորագոյացություններով հիվանդացության ցուցանիշները կայուն կերպով աճում են։ Հայաստանի Հանրապետությունում՝ ըստ տարածվածության ցուցանիշների առաջին տեղում է թոքի,  երկրորդում՝ կրծքագեղձի քաղցկեղը։ Ամեն տարի մեր երկրում գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի հազար երկու հարյուր նոր դեպք, որի երեսուն տոկոսը հանդիպում է վերարտադրողականության փուլում գտնվող կանանց մոտ։ Ըստ ԱՀԿ ի տվյալների՝ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդանում է, իսկ այս հիվանդությամբ մահացությունների թիվը՝ ավելանում։ Այս թեմայի շուրջ որոշեցինք զրուցել քաղցկեղը հաղթահարած Անի Հայկունու հետ:

Անին 33 տարեկան է։ Սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, ապա 2011 ավարտել Նյու Յորքի պետական համալսարանի շրջակա միջավայրի ու անտառագիտության ֆակուլտետի բնական ռեսուրսների կառավարման ու քաղաքականության մագիստրատուրայի բաժինը։ Միևնույն ժամանակ Նյու Յորքի Սիրաքյուզի համալսարանի Մաքսվել դպրոցում սովորել է միջազգային հանրության ու ՀԿ կառավարում։ 2007 թվականից սկսած՝ աշխատել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ։ 2016-2017թթ․ սովորել է Օքսֆորդի համալսարանի բիզնեսի կառավարում բաժնում։

Քաղցկեղը Հայաստանում

Մեր երկրում այս հիվանդությունը պահանջում է ֆինանսական լուրջ միջոցներ։ Ես ունեի երկու աշխատանք, խնայողություններ, ինձ աջակցում էր ընտանիքս, բայց միևնույնն է, միջոցները բավարար չէին, բուժումը շատ թանկ էր: Ցավոք, եթե քաղցկեղի այս տեսակը ախտորոշվում է անապահով, կամ բավարար միջոցներ չունեցող մարդկանց մոտ, իրենք համակերպվում են հիվանդության հետ, ասում են՝ ինչ կլինի, կլինի։

Հասարակության և քաղցկեղ ունեցող մարդկանց միջև Հայաստանում կա պատնեշ։ Երբ բանկերից մեկում էի, աշխատողը, տեսնելով ինձ, չմոտեցավ ու չսպասարկեց։ Պարզապես չգիտեր` ինչպես վարվել ինձ հետ։ Հիմա, իհարկե, հետ նայելով ` հասկանում եմ, որ այդ ժամանակ արտաքին տեսքս այն չէր, ու դա էր պատճառը։ Բայց այդ մարդու պահվածքը ինձ չցավեցրեց, ես հասկացա , որ մեր հասարակությունը պարզապես քաղցկեղ ունեցողների հետ շփման փորձ չունի ։ Մեր երկրում այն կանայք,որոնց մոտ ախտորոշվում է քաղցկեղ, ամաչում են իրենց արտաքին տեսքի համար, վախենում ու մեծ սթրես են ապրում։ Մտածում են, թե ինչ կասի հարևանը, եթե իմ մազերը թափվել են …

Եթե դու քաղցկեղ ունես, ապա ամոթալի չէ, եթե շրջապատում իմանան այդ մասին։

Մարդկանց մոտ բացակայում է բժշկին դիմելու մշակույթը․սա պայմանավորում եմ տեղեկացվածության պակասով։ Մեր հասարակությունում ընդունված չէ գանգատ չունենալու դեպքում գնալ ստուգման։ Ասում են ՝ խի՞ ես իզուր փող տամ բժշկին։ Պետք է հասկանալ, որ խնդիրները մեր օրգանիզմում կարող են երկար ժամանակ մնալ թաքնված և ի հայտ գալ այն դեպքում, երբ արդեն որևէ բան փոխել հնարավոր չէ։

Անին, որ իր բուժման մի հատվածը անցել է Անգլիայում` ասում է, որ այդ ընթացքում շատ կարոտել է իր բժիշկներին․

Անկախ ամեն ինչից չեմ կարող չնշել, որ մեր բժիշկները իրենց մասնագիտական պատրաստվածությամբ ամենևին էլ չեն զիջում եվրոպացի մասնագետներին։ Երբ առաջին անգամ իմացա ախտորոշումս, անմիջապես մտածեցի՝ մեկնեմ արտասահման՝ այնտեղ ինձ կբուժեն։ Բայց խոսելով մեր բժիշկների հետ՝ հասկացա, որ հենց նրանց եմ ուզում վստահել կյանքս։ Իսկ հիվանդի համար բժշկի հանդեպ վստահությունը շատ մեծ նշանակություն ունի։

Անի Հայկունին այսօր ստեղծել է մի հիմնադրամ, որի նպատակը քաղցկեղով անապահով հիվանդներին օգնելն է։ Նա ծավալում է ակտիվ հասարակական գործունեություն, մասնակցում միջազգային տարբեր ծրագրերի։ Անիի խոսքերով` իր կյանքը հիվանդությունից հետո շատ է փոխվել․

Գուցե ասածս խելագարություն կթվա, բայց ես շնորհակալ եմ այս փորձության համար։ Քաղցկեղի շնորհիվ ես շատ բաներ հասկացա, իմ փորձը ինձ դարձրեց ավելի իմաստուն․․․ես սովորեցի ավելի արդյունավետ օգտագործել իմ ներքին ուժն ու էներգիան, մարդկանց մեջ տեսնել միայն լավը ․․․Իսկ վերջում կարող եմ ասել, որ երբ մարդու մոտ ինչ- որ լուրջ խնդիր է առաջանում, մարդ միայն այդ ժամանակ է հասկանում , թե ինքը որքան շատ է ուզում ապրել, ու թե որքան շատ է սիրում կյանքը։

Առողջ եղեք …

Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728