Հաճախ չէ, որ վերադասը իր ստորադրյալի հետ մտերմիկ զրույց է ունենում, բայց Փայլակն այն ղեկավարներից էր, թեկուզ ոչ բարձրաստիճան, ով միշտ էլ հարգանքով էր վերաբերում իր աշխատակիցներին:
Այս անգամ նա մոտեցավ իր աշխատակիցներից մեկին, ով կենտրոնացած ու լարված փորձում էր վերականգնել խափանված էլեկտրասարքը:
-Ինչպե՞ս են գործերը, Վիկտոր Միխայլովիչ, դժվարություններ կա՞ն,-հարցրեց Փայլակը:
-Իհարկե դժվարություններ կան, բայց թե փորձում ենք դրանք հաղթահարել, Փայլակ Փանոսիչ,-պատասխանեց Վիկտորը:
-Ղեկավարության հետ քիչ ես շփվում, քո վճռական խոսքը չես ասում, ակտիվ չես, պետք է քեզ ցուցադրես, թե չէ քեզ հաշվի չեն առնի,-ասաց Փայլակը:
-Ինձ չեն հասկանում, ես խորշում եմ այդպիսի շփումներից, չեմ սիրում քծնել, շողոքորթել, կարող եմ ցանկացած մեծությանը՝ սուր, կծու խոսք ասել, քննադատել` չնայելով նրա դեմքին ու դիրքին,-անտարբեր նետեց Վիկտորը ու կրկին խոնարհվեց էլեկտրոնային սխեմայի սալիկի վրա` մոտեցնելով տաք զոդիչի սուր ծայրը անսարք դետալի հերթական կոնտակտին:
Նրա մականունը աշխատանքային ընկերները «Շուլց» էին կնքել, երևի այն բանի համար, որ նման էր հայտնի ֆիլմի գերմանացու դերակատարին, իսկ իրականում, անձնագրային տվյալներով, նա Վիկտոր Միխայլովիչ Լևչենկոն էր, որը ուկրաինական հայտնի դեպքերից հետո տեղափոխվել էր Հայաստան և աշխատում էր տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող առաջավոր կենտրոններից մեկում:
-Դու վախենու՞մ ես վերադասից,-շարունակեց Փայլակը:
-Իհարկե, ո’չ:
-Չե՞ս ուզում թշնամիներ վաստակել:
-Դարձյալ ո’չ:
-Ուրեմն` ի՞նչ:
-Այն, որ չեմ հավատում:
-Ինչի՞ն չես հավատում:
«Շուլցը» նորից զոդիչի ծայրը մոտեցրեց այրված դետալի կոնտակտներից մեկին, որը երևի շատ պինդ էր կպած մայր սալիկին:
-Ես սիրում եմ փիլիսոփայել, թռչել ապագան, երազել, երևակայական փուչիկներ սարքել: Կհավատա՞ս, որ ասեմ, թե չէի ցանկանում էլեկտրականությամբ զբաղվել:
-Ես նկատում եմ, որ դու հակում ունես դեպի փիլիսոփայությունը,-քմծիծաղեց Փայլակը:
-Ոչ այնքան փիլիսոփայելը, ինչքան, որ մարդու կյանքի իմաստը հասկանալն է: Սակայն ես այնքան էլ չեմ փոշմանել էլեկտրամասնագետ դառնալուս համար, նա ինձ շատ բան է տվել նյութի կառուցվածքի ուսումնասիրման համար, որը և թույլ է տվել` ավելի լավ ճանաչել մարդուն և բնությանը:
Նրանց զրույցը երկար շարունակվեց:
Փայլակն այնպես էր տարվել զրույցով, որ չնկատեց, թե ինչպես անցավ ընդմիջմանը հատկացված ժամանակը, վարանումով նայեց ժամացույցին ու փորձեց տեղից վեր կենալ:
«Շուլցը» էլեկտրական սալիկի վրայից դժվարությամբ պոկեց շարքից դուրս եկած դետալը, արագ կերպով այն փոխարինեց նորով, ապա միացրեց օսցիլոգրաֆը: Էկրանի վրա կանաչ պայծառ գույնով գծագրվեց էլեկտրական ազդանշանի սինուսոիդան:
-Վերջապե՜ս, ստացվեց,-ասաց նա ինքն իրեն, ապա շարունակեց,-հաճախ եմ մտածում այն մասին, թե ի՞նչ կլիներ, եթե ես հնարեի մի այնպիսի էլեկտրոնային գլխարկ, որ այն կրողը դառնար քաղաքավարի, բարյացկամ, հանդուրժող, խելոք, կիրթ, նրբանկատ, ազնիվ, այսինքն` նրա մեջ զարգանար այն բոլոր դրականը, որը մեզ հաճելի է, մարդու միջից վերանար չարը, սատանայականը,-շարունակեց «Շուլցը»:
-Իսկ եթե մեկը, փողոցում գար ու հանկարծակի հարվածեր դնչիդ ու քո գլխին էլ այդ էլեկտրոնային գլխարկը լիներ, ի՞նչ էիր անելու,-հակադարձեց Փայլակը:
-Դե՛, պետք չէ վատը մտածել,-սրտնեղեց «Շուլցը»,-գլխարկը մաթեմատիկորեն կծրագրավորեի այնպես, որ հարված ստանալու դեպքում ինքնավար կերպով կազմակերպեր հակադարձ պատասխան գործողությունը:
-Երազելը լավ բան է, բայց իրական կյանքը այլ է,-ասաց Փայլակը,-, դրա համար էլ այդ խեղճ Ալֆոնսին այդպիսի խայտառակ առաջադրանք էիք տվել:
-Ի՞նչ առաջադրանք,-անմեղ ձևացավ «Շուլցը»:
-Այն, որ լաբորատորիա գալուց, ճանապարհին դիմացս է դուրս գալիս մեր աշակերտներից մեկը՝ Ալֆոնսը ու մի մեծ ու ծանր մետաղյա գլան գլորելով տանում է: Այդ ու՞ր ես տանում, հարցնում եմ ես:
-Վարպետ «Շուլցն» ասաց, որ այս «զազորի կլյուչը» (բացվածքի բանալի) տանեմ ենթակայան՝ տամ Վարդանին:
-Ա՛յ, տղա, ասում եմ ես, բա, չե՞ս տեսնում, որ այս ողորկ գլանի վրա ոչ մի հարմարանք չկա, ընդամենը կլոր մետաղյա ձող է, ինչպես կարող է սա ինչ որ բան բացի կամ պտտի: Դե՛, ընկեր Փայլակ, արդարանում է նա, որ վարպետ «Շուլցն» ասաց, ես էլ հավատացի: Հա՛, մի անգամ էլ այն «Նապոլիոն» անունով կոչվածը, դույլը ձեռքին գնում էր, կանգնեցրի ու հարցնում եմ, թե այս ու՞ր ես գնում, հաստատ իմանալով, որ էլի ձեր սարքածն է:
-Վարպետ «Շուլցն» ասաց, որ գնամ էլեկտրաենթակայան ու մի դույլ «պուլսիրույշչիյ տոկ» (բաբախող հոսանք) բերեմ:
-Ա՛յ, տղա, ասում եմ ես, բա, չգիտե՞ս, որ հոսանքը հաղորդալարերով է տեղափոխվում, դույլի մեջ ոնց ե՞ս հոսանք լցնելու:
-Դե՛, ինչ իմանամ, կարմրատակելով պատասխանում է նա: Ահա,՛ խնդրեմ ձեր կյանքին փիլիսոփայորեն մոտենալը:
-Պարոն Փայլակ, դրանք էլ, մեր կողմից կազմակերպած փորձություններ են՝ մեր բանվոր աշակերտների գիտելիքները ստուգելու համար, դրա միջոցով որոշում ենք նրանց գիտելիքները, տրամաբանությունը, պատասխանատվությունը:
-Էլ ի՞նչ փորձությունների եք ենթարկելու այդ երեխաներին, ուրիշ մեթոդներ մշակեք,-ասաց Փայլակ Փանոսիչը, տեղից վեր կացավ, գնաց դեպի իր աշխատասենյակը, որը ապակյա միջնապատերով առանձնացված էր ընդհանուր աշխատասրահից:
-Շնորհակալություն, պարոն Փայլակ,-ասաց «Շուլցը»,-գոնե օրական 10-15 րոպե հատկացրեք մեզ հետ զրուցելուն, թե չէ ուղեղներս էլեկտրոնիկայից արդեն չորանում է: Ես արդեն չորրորդ անգամն եմ աշխատանքս փոխում, հենց այն պատճառով, որ վերադասի հետ համաձայն չեմ լինում տեղի ունեցող անարդարությունների դեմ պայքարելով:
-Արդարամիտ մասնագետին դափնիներով չեն ընդունում, հարգելիս, պետերին պետք են միայն հնազանդ ենթականեր, իսկ պատասխանատու և իր գործին տիրապետող աշխատակիցներին շահագործում են ամենուրեք: Այդպիսին է կյանքը և ես լիովին համաձայն եմ ձեզ հետ,-ասաց Փայլակ Փանոսիչը ետ նայելով ու մտավ իր աշխատասենյակը:
Էլեկտրական զոդիչի տաքացած ծայրից ծուխը բարձրանում ու բևեկնախեժի դուրալի հոտը տարածվում էր սենյակով մեկ:
«Հարգում եմ այս երիտասարդին, նա լավ մարդ է, ի՜նչ լավ կլիներ կյանքը, եթե այդպիսիք շատ լինեին մեր շրջապատում,-ինքն իրեն ասաց «Շուլցը» և շարունակեց հաջորդ անսարք դետալի փնտրումը խափանված համակարգչի մայր սալիկի վրա:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ