Ֆրանսիայում բուժման նպատակով գտնվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանի՝ կիրակիից -կիրակի հարցազրույցների շարքը սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերից: Շարքն ավարտվել է, սակայն սոցցանցում եւ Aravot.am-ին ընթերցողներն ուղարկել են բազմաթիվ հարցեր:
Հետայսու հարցազրույցների շարքը կիրակիից-կիրակի կվարեն ընթերցողները:
-Անատոլի, շատ անվանի հայ արվեստագետների հետ ես առնչվել: Ումի՞ց ես ամենաշատը տպավորվել:
-Ժամանակի հետ իմ մտապատկերում ավելի ու ավելի մեծանում է նա, բայց դա հոգևոր տեսողական խաբկանք է, ես եմ հասունանում և աստիճանաբար նշմարելի է դառնում նրա անհատականության չափը: Ինձ համար դժվար է եղել խոսել նրա մասին, ինչպես ինքն էր ասում. «Նվիրական զգացողությունը միշտ չէ, որ փոխարկվում է բառի»: Մեր թաղեցի մի տղա, որն աշխատում էր կոմսոմոլում, բանաստեղծություններս ներկայացրել էր Վահագն Դավթյանին, և նա հավանել էր: Փետրվարյան այդ օրը ես սպասում էի Սփյուռքի կոմիտեի 2-րդ հարկի աստիճանավանդակին. ժամանակը կանգ էր առել, և նա բարձրանում էր՝ իր սուր հայացքով մերթընդմերթ զննելով ինձ: Հետո հանդիպումներ աշխատավայրում, տանը, և ողջերթի խոսքը «Գարունում»: Աչքերի ինքնօրինակ փայլը արտացոլում էր խելքը, բարոյականությունը: Իմ տեսած մարդկանցից այդպիսին էր Վազգեն Վեհափառը: Համեստ էր ծայրահեղ չափով: Անհավակնոտ պահվածքը ակնածանք պարտադրող շեշտ չուներ: Քեզ կարող էր խանգարել մեծ բանաստեղծի հետ շփվելու գիտակցությունը, ինքը, թեկուզ ակամա, երբեք չէր նպաստում: Կարծիքը պարտադրելու հատկություն չուներ, սակայն խոսքն ասում էր ներքին համոզումով: Կարող էիր անկեղծանալ, որ, եթե այսօր թույլ տաս գրչակից ընկերներիդ պարագայում, թշնամիներ ձեռք կբերես: Բազմանիստ էր ու բազմաշնորհ: Գիտեր երաժշտություն ու կերպարվեստ: Տաղանդը բազմաթիվ պայմանականությունների համընկնում է, ինչը նա ուներ:
Այսօր ես գրեթե նրա տարիքին եմ, երբ հանդիպեցինք և կարող եմ ասել, որ անչափ կարդացած էր ու բացառիկ գրագետ: Ես կյանքում շատ մարդկանց եմ հանդիպել, որոնք տիրապետում են տեղեկատվության, սակայն Վահագն Դավթյանն ուներ տեղեկատվությունը սինթեզելու եզակի շնորհ: Միտքը կաղապարված չէր ու երբեք չծերացավ: Մեր օրերում 1-2 ամիս նախարար, փոխնախարար աշխատած պոետները, պաշտոնավարման ընթացքում, իրենց անընթերցող ժողովածուները տպագրում են Նարեկացու «Մատյանի» վայելչությամբ: Նա ունեցած հնարավորություններից երբեք չօգտվեց: Ռուսերեն էլ թարգմանվեց, երբ 60-ին մոտ էր արդեն: Լուռ, անհաշվենկատ, տաճարի քրմի ջերմեռանդությամբ ու խոնարհությամբ, քար առ քար բարձրացրեց տունը, ինչպես կյանքում՝ ձեռքերով, որ կարծես միայն գրիչ բռնելու համար էին, այնպես էլ՝ հայ գրականության մեջ: Նրան բամբասում էին, ասելով. «Շատ վարպետ է…»: Պետությունից երբեք բնակարան ու ամառանոց չստացավ, թեև ընկերներից շատերը հանրապետությունում կարևոր պաշտոններ էին զբաղեցնում:
Իրենց տանն էի: Արդեն հրաժեշտ էի տալիս: Զանգահարեցին: Պայմանավորվեց: Ինձ ասաց. «Քիչ հետո մեքենա է գալու, միասին կիջնենք «քաղաք»: Մի քանի րոպե անց, կառավարական համարներով սև «Վոլգա»-ն կանգնած էր բակում: Առջևում նստածի հետ Դավթյանը մտերմիկ զրուցում էր, իսկ ես փորձում էի մտաբերել, թե որտե՞ղ եմ տեսել այդ մարդուն: Միայն, երբ մեքենան մոտեցավ կառավարության տանը՝ գլխի ընկա, որ վարչապետն էր՝ Ֆադեյ Սարգսյանը: Այդ ժամանակ կային պետական այրեր, որոնք պատիվ էին համարում պոետի հետ մտերմությունը:
Արդեն իր մահից հետո, Օպերայի շրջակայքում հանդիպեցի Վահան Թամարյանին: Ասաց. «Տուն եմ գնում: Այստեղ «մոտիկ է»: Զարմացա՝ անտեր- անտիրական Վահանին քաղաքի կենտրոնում տուն որտեղի՞ց: Եվ նա պատմեց, ՀԳՄ նախագահ աշխատելիս, Համո Սահյանի ստեղծագործական բնակարանի տնօրինման անձնագիրն ապահովված ընկերոջը, որի պոեզիային պաշտամունքով էր վերաբերվում, չտալու և իրեն՝ երիտասարդ, անտուն գրողին, ում չէր էլ ճանաչում, հատկացնելու շատ հուզիչ պատմությունը: Սա դաս էր այն մասին, որ գաղափարը պետք է վեր լինի մարդկային կապվածություններից: Ես առանձնապես խմող չեմ, այլ թերություններ ունեմ: Վահանը այդպես էլ չհասկացավ, թե ինչու համաձայնվեցի գնալ խմելու:
Ռաֆայել Նահապետյանն էր պատմում. «Կեսգիշեր էր: «Երևան» ռեստորանում մատուցողը բերեց հաշիվը, պարզվեց, որ այդքան փող չկա: Տղաներից մեկը առաջարկեց զանգել Դավթյանին: Անձամբ չէի էլ ճանաչում, բայց ուրիշ ճար չկար: Զանգեցի, բացատրեցի իրավիճակը: Ասաց. «Մի տաքսի վերցրու, արի»: Քսանհինգ ռուբլի էր անհրաժեշտ՝ երեսունհինգը տվեց, ասաց. «Կարող է պակասություն անի…»:
Իր տանը, սուրճի սեղանի մոտ կարող էր հետաքրքրվել. «Ի՞նչ ես կարդում, ո՞ւմ ես սիրում»: Նախընտրելի պոետների շարքում իր անունը չէր հնչի, ավելին՝ կարող էին լինել գաղափարական հակոտնյաներ: Ձեր ո՛չ վերջին հանդիպումն էր լինելու, ո՛չ էլ վերջին անգամը, երբ տուն էր հրավիրում, բայց կետադրական սխալի , լեզվական մեղանչման համար կարող էր գլխիդ «փոթորիկ» սարքել:
«Արվեստում ցավն է ստեղծում արժեք».- ասում էր նա: Եվ իր պոեզիան՝ կորցրած հայրենիքի անընդհատ մխացող գիտակցության, իրական ու անիրական կանացի իդեալի որոնումի, գենետիկ կոդ սողոսկած հեթանոսի և Լյառը բարձրացող Աստծո որդու դրոշմն ուներ: Ասում էր. «Գրողը պետք է արվեստին ծառայի Աստծո՝ իրեն տվածի չափով, բայց ազնվորեն…»: Սա էր Դավթյանը՝ երկնքի կապույտի հետ տվող ու առնող այդ մարդը:
Բարձրագույն բանաստեղծական կուլտուրայով կերտված ժողովածուներն ու պոեմները, Արաբկիրի, ցավի ու կապույտ ծխի պես ուրվագծվող եզերքից մինչև «Անվերնագիր» հրաշալի վիպակը: Այս տարածքը մեր գրականության մեջ զուտ դավթյանական է:70-80- ական թվականներին մեզանում թարգմանական պոեզիան անօրինակ բարձունքի հասավ, և չափանիշը կրկին Դավթյանն էր: Պաշտամունքով էր խոսում Թումանյանի մասին, Չարենցը հավերժական ցավ էր: Ասում էր. «Այդ խառնակ ժամանակներում զարմանում ես՝ ինչպե՞ս է գրել այդքան պարզ»: Դասերը ուղղակի չէին, ժամանակի ընթացքում էին ըմբռնվում: Ես ավելի հոգեհարազատ պոետներ ունեմ, սակայն ինձ համար հայ մտավորականի, գրական մարդու կատարելատիպը Վահագն Դավթյանն է: 1980 թվականի փետրվարյան այդ օրը ես սպասում էի… «Սփյուռքի» կոմիտեի 2-րդ հարկի աստիճանավանդակին: ժամանակը կանգ էր առել, և նա բարձրանում էր՝ իր սուր հայացքով մերթընդմերթ զննելով ինձ: Մինչև հիմա, ցանկացած տող տպագրելիս, զգում եմ այդ հայացքը…
-Վերջին երկու գիրքդ ներկայացվել էին «Նախագահի մրցանակի»: Ինչպիսի՞ զգացողություն ունեցար, երբ հայտնի դարձան հաղթողների անունները:
-Առաջին գիրքս էլ ՀՀ Մշակույթի նախարարությունն էր ներկայացրել պետական մրցանակի: Էական չէ, թե մրցանակը ինչպես է կոչվում կամ ում անունով է, այնտեղ, որտեղ արվեստի մարդկանց չափանիշներով փող կա, գիտակցության այս աստիճանի վրա, որ մեր հասարակությունն է, չի կարող ազնիվ մրցակցություն լինել: Մրցանակի համար նախատեսված գումարի չափը «պետական» հետաքրքրություն չի ներկայացնում: Գուցե «վերևից» գիրք չկարդացած ինչ-որ մեկը զանգի, «երաշխավորի» ,սակայն, դա էլ որոշիչ չէ: Վճռում են հանձնաժողովի, արդեն տարիներ շարունակ «խրամատավորված» անդամների ձայները, որոնք տարիքի բերումով կա′մ կորցրել են գրականության համի զգացումը, կա՛մ չեն էլ ունեցել: Եվ սա լավագույն դեպքում, որովհետև, եթե գրական քիմքի զգացողությունը չի դավաճանել, ուրեմն իրենք են դավաճանում գրականությանը: Գոյություն ունի «հերթի», խմբակային շահի, բարձր գրականության հետ ոչ մի առնչություն չունեցող պատկերացում, ինչով էլ առաջնորդվում են այս կամ այն պատճառով այդ հանձնաժողովում հայտնված մարդիկ: Հանձնաժողովականներից որոշների վաստակը մեղմացուցիչ դեպք հանցանած չէ ,եթե լավ բան ես արել, դա քեզ իրավունք չի տալիս վատ բան անելու:
Այսօրվա տպաքանակի պայմաններում մրցանակի ներկայացվելը, գիրքը ուղղակի հասարակական շրջանառության մեջ դնելու ձև է՝ ոչինչ ավելին:
-Կարո՞ղ եք ասել՝ վերջին մրցանակակիր գրքերից քանիսի՞ վերնագիրն եք մտապահել. չնչին բացառություններով հիշվում են հեղինակները, որ կա’մ մահացու հիվանդ էին, կա′մ ղարաբաղցի:
-Անբարո չէ, երբ ասում եմ`հիվանդությունը գրականության չափանիշ չէ, որովհետև /բախտս բերել է/ ես էլ բազմաթիվ անբուժելի հիվանդություններ ունեմ: Վերջին մրցանակաբաշխությունը/չնայած ներկայացված էին շատ այլ արժանի գործեր/, շահեց հանգուցյալ Ղուկաս Սիրունյանի անչափ թույլ գիրքը: Հանձնաժողովի նախընտրելու կռվաններից էին, որ Ղուկասը նախորդ մրցանակաբաշխությանը «քիչ էր մնացել անցներ»՝ ծանր հիվանդ էր, վիրահատության խնդիր կար, տուն չուներ և այլն: «Գթասիրտ» անդամներից որևէ մեկը մի տնանկի, կարիք ունեցողի սեփական գրպանի հաշվին երբևէ օգնե՞լ է:
Երբ մարդը ցանկանում է գոնե մեկ րոպեով իրեն «իշխան ու խան» զգալ, սեփական խոհանոցում այդպիսին չլինելով, սոսկ ի ցույց է դնում խեղճությունը:
Ապրում են «Մարդկություն անելու» գծային ավտոտեսուչի մտածողությամբ, բայց «շանթը շրթունքին» պոեզիայի մասին են խոսում: Մեր երկիրը հասել է այս վիճակին, որովհետև քաղաքացին /չասենք մանր կաշառակերը/ հանդգնություն ունի իրենով փոխարինելու օրենքը. իսկ ու՞ր մնաց գրականությունն և գրականության շահը: Այս ժամանակը փորձություն է, որ կանցնի: Կանցնի կորուստներով,սակայն, բարոյականությունից նահանջը ևս կորուստ է, իսկ կորստի հետ չեմ կարողանում հաշտվել:
Հ.Գ. Այս աշխարհի ծայրին, ուր չկա սոցիալական հոգս, միջավայրից, թանկ հիշատակներից հեռու, մի վիճակում, երբ աչքիդ էլ ոչինչ չի գալիս, մի՞թե կարող են գտնվել թշվառներ, որ կարծեն, թե հետին թվով մրցանակի/իսկ ո՞վ է ասել, թե ես պիտի ստանայի/ համար նախատեսված գումարի ողբն եմ ողբում:
-Չե՞ք կարծում, որ այս շարունակական հարցազրույցը ընդհանրանալով՝ գրքի է վերածվում:
– Կարծում եմ: Հնագույն ժամանակներից համանման գրքեր շատ են եղել: Ժամանակակից գրականության ժանրային սահմանները առաձգական են:
Հիմա ստեղծագործական պոռթկման ալիքի կատարին եմ և դժվարանում եմ «սթափ» մտածել կառուցվածքի մասին: Ընդհանուր պատկերը ուրվագծվում է, սակայն ընթացքում դեռ կփոփոխվի: Գրելուց՝ չգիտեմ, որն է հաջորդ բառն ու նախադասությունը. անկանխատեսելիությունը թելադրում է բանաստեղծություն կառուցելու բնազդս. նման դեպքերում չեմ տեսնում, բայց զգացողությունս անսխալ ափ է հանում: Իմ բանաստեղծությամբ/ ինչպես Խոդասևիչը կասեր/, փորձել եմ ստեղծել «Ծանր լիրիկա»: Գուցե ստեղծվող գիրքը ներկայացնի այն նիստերս, որ պոեզիայի հետ ուղղակի առնչություն չունեն:
Բանաստեղծությունը չի ծանոթագրվում. այս կերպ հնարավոր է՝ ես, ակամա ծանոթագրում եմ ինքս ինձ…
(շարունակելի)
Շատ տգեղ բան է զազրախոսել մեռած մարդու ետևից, մանավանդ երբ հանգուցյալը պարկեշտ և տաղանդավոր մարդ էր: Այո, ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ մեր հասարակության հազվագյուտ կարգին մտավորականներից էր, և մրցանակը նա ստացավ ոչ թե հիվանդության, այլ բանաստեղծի իր անժխտելի արժանիքների համար: Տա՜ Աստված, որ այսօրվա՝ հիմնականում պնակալեզ մտավորականների կողքին Ղուկասի նման մի տասն ունենայինք: Չգիտեմ, այս զրույցը շարունակվելու է, թե ոչ, սակայն խիստ ցանկալի է, որ Անատոլին հաջորդ կիրակի քաջություն ունենար իր որոշ արտահայտություններից հրաժարվելու: Դա նրան իսկապես պատիվ կբերեր: Իսկ սրանից զատ, սրտանց մաղթում եմ նրան քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ:
Պատասխանի փոխարեն
Իմ սուր ճանկերից ճանաչեց նա ինձ,
Ես ականջներից իմացա նրան….
Ե. Չարենց
Երկրորդի պատասխանը նույնպես կարելի է գնահատել որպես զազրախոսություն, ամբողջովին համաձայն եմ առաջինի հետ: