Զապել Եսայան-140
Զապել Եսայան (Հովհաննիսյան) գրողն ու թարգմանչուհին, հրապարակախոսն ու հասարակական գործիչը հայ գրականության պատմության էջերին հայ կին գրողի մի յուրօրինակ ձեռագիր դրոշմեց, որի ամեն մի տողն ու բառը բխում են հայրենասիրության, հայասիրության, մարդկային ազնիվ մղումներից: Նրա ստեղծագործություններում իր ծննդավայր Սկյուտարի հարազատ Սիլիհտար թաղամասի բոցավառ վարդաստաններն են, հեռավոր ու հայրենաբաղձ մեղեդիները, մայիսյան զով անձրևները և անձրևացող պարտեզի արահետներով հուշիկ քայլող աղջնակը, ով հետո մի հին ու հանճարեղ ժողովրդի արյունալի էջերի տարեգիրը պետք է դառնար:
«Կհիշեմ գարնան առավոտները, երբ այդ այգիները, Սիլիհտարի պարտեզները, կդառնային բոցավառ վարդաստաններ: Այդ վարդերը կխուժեին տուներե ներս, կզարդարեին անզարդ սենյակները, բուրում և երանգ կբերեին ճերմակությունով պատած սենյակներու մեջ, կդառնային խաղալիք երեխաներու ձեռքին և անոնց թերթիկները կանձրևեին ամենուն և ամեն բանի վրա: Կհիշեմ կլիսիներու գահավիժումը սարփինաներու վրայեն, որոնք պերճ պատմուճաններու պես կծածկեին զառամած տուներու խլխլիկ թշվառությունը: …Կհիշեմ տենդագին և գաղջ իրիկունները, գորտերու կռկռոցը ավազաններու մեջ, կայծոռիկներու ոստումները և Արտեզյան հորերու անվերջ ճռինչը, որ մինչև իմ հիվանդոտ երեխայի խռովված քունիս մեջ, կընկերանար իմ երազներուս: Երբեմն ալ հովիվի սրինգ մը Րումելիի տափաստաններեն գաղթած պարտիզպանի մը ձեռքին, հեռավոր և հայրենաբաղձ մեղեդի մը կերգեր: Կհիշեմ տառապանքս այդ բազմերես բնության գեղեցկության առաջ, անզոր բաղձանքս ընդգրկելու, յուրացնելու ինչ- որ ցրիվ բուրմունք էր, երանգ, լույս և երազ… Կհիշեմ մայիսյան զով անձրևը, որ կտեղար հապճեպ մրմունջով, պապակած բույսերու և կարմիր կղմինդրներով ծածկված տանիքներու վրա… Կհիշեմ ինքզինքս մեր պարտեզի արահետներուն մեջ, տոտիկ-տոտիկ քալելով լույսի արատներու վրա, որ կդողդողային երերուն ճյուղերու թողած շուքին մեջ: Կհիշեմ անորոշ մտատանջությունը, որ հանկարծ կգրավեր ինձ, երբ ուշադիր կլսեի ծառերու սոսավյունը և առվակներու խոխոջը»:
… 1878-ին Կոստանդնուպոլսի Սիլիհտար թաղամասում ծնունդ առած Զապել Հովհաննիսյանը (հետագայում՝ Եսայան՝ ամուսնու՝ նկարիչ Տիգրանի ազգանունով) կրթության առաջին քայլերը սկսելով Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանում, հետագայում ուսանելով Փարիզի Սորբոնի համալսարանում և մասնակցելով Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին՝ անցնում է կրթական ու ստեղծագործական վերելքի ճանապարհներով՝ չնայած բավականին երիտասարդ հասակում՝ դեռ 1895-ին Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում լույս էր ընծայվել նրա առաջին արձակ բանաստեղծությունը՝ «Երգ առ գիշեր» վերնագրով: Դա գրական մեծ ճանապարհի սկիզբն էր, որից հետո ժամանակի նշանավոր պարբերականներում լույս են տեսնում նրա նովելներն ու պատմվածքները, վիպակները, գրականագիտական, արվեստին նվիրված արժեքավոր հոդվածներն ու ֆրանսերենից (Մեթերլինգից՝ «Մահը», «Իմաստություն ու ճակատագիր») կատարած թարգմանությունները: «Սկյուտարի վերջալույսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորհքով մարդիկ» (1907) վիպակներն արդենիսկ վկայում էին գրական ասպարեզում հայտնված լուրջ և ասելիքի խորություն ունեցող գրողի մասին: Կարևորելով կնոջ դերը հասարակության մեջ՝ Եսայանը գրել է. «Կինն աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար: Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական և ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար: Ինքզինքն յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը». հավատո այս հանգանակով առաջնորդվող գրողը՝ հենց իր սեփական անձով ու գործունեությամբ հավաստեց այս խոսքերի Ճշմարտացիությունը: Ընդամենը 30-ամյա հայուհին արդեն համարվում էր ժամանակի կայացած ու լավագույն գրողներից: Նա մտավորականության երևելի ներկայացուցիչ էր իր ծավալած հայրենանվեր գործունեությամբ ու ստեղծագործական աշխատանքի «բեռով»: 1908-ին Եսայանը վերադառնում է Կոստանդնուպոլիս, 1909-ին Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում մեկնում Կիլիկիա:
Կիլիկյան ջարդերի ժամանակակիցը՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած այս համարձակ հայուհին, ով լռությունը դավաճանություն էր համարում, հրաշքով փրկվելով ջարդից՝ բնակություն է հաստատում Բուլղարիայում, ապա՝ Թիֆլիսում, գրում է Հայոց ցեղասպանության մասին «Վերջին բաժակը», «Հոգիս աքսորյալ» վիպակները՝ դրանցով իր բողոքի ձայնը բարձրացնելով՝ ի լուր ննջած ու Հայոց ցավին անտարբեր աշխարհի: Այդ սարսափելի կոտորածի թեմաներով Եսայանը հոդվածներ է տպագրում թերթերում, պատմվածքներ գրում:
1921 թվականի օգոստոսին նրա ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը՝ ամուսնու՝ Տիգրան Եսայանի մահը, ասես ավելի է ուժեղացնում հպարտ ու անկոտրում հայուհուն, ով իր զավակների՝ Հրանտի և Սոֆիի համար այնուհետ և՛ մայր էր, և՛ հայր: Գրականության, հասարակական ակտիվ գործունեության ասպարեզում նա՝ իբրև մեծ ազգասեր, առաջնորդվել է իր՝ զապելյանական անդավաճան սկզբունքով ու ասելիքով՝ «Ինչ արել եմ, արել եմ հօգուտ սիրելի ազգիս ու հայրենիքիս: Լավ է՝ վերցրեք ինչքան և ինչպես կուզեք, վատի համար՝ ներեցե՛ք»: Հայրենասիրությունը նրա համար առաջին հերթին լեզվի հանդեպ ունեցած խոնարհումն ու պաշտամունքն էր. «Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամենէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք»:
Զապելը երազանք ուներ լինել Հայաստանում…1926-ին իրականություն դարձավ նրա բաղձանքը, որի մասին իր տպավորությունները նա զետեղեց «Պրոմեթեւս ազատագրված» գրքում: 1932-ին Զապել Եսայանը հրավիրվեց՝ դասավանդելու Երևանի պետական համալսարանում (ֆրանսերեն էր դասավանդում բանասիրության բաժնում), 1933-ից հաստատվեց Խորհրդային Հայաստանում, 1934-ից արդեն ՍՍՀՄ գրողների միության անդամ էր. 1934 թվականին Եսայանը Եղիշե Չարենցի‚ Դերենիկ Դեմիրճյանի և Միքայել Մանվելյանի հետ ընտրվում է Երևանի քաղաքային խորհրդի կազմում, նույն ժամանակաընթացքում Մոսկվայում մասնակցում է Սովետական գրողների միության առաջին համագումարին, ուր Մաքսիմ Գորկու զեկուցումից հետո փայլուն ֆրանսերենով ելույթ է ունենում ու շեշտադրում, որ գրողը չպետք է չեզոք դիրք գրավի հասարակական կյանքի տվյալ փուլում, չպետք է լինի հեռվից դիտողի կարգավիճակում…
Հայոց ամենամեծ ողբերգություններից հրաշքով փրկված գրողին այստեղ՝ Խորհրդային Հայաստանում, ևս մի ծանր ու անդառնալի, ճակատագրական ողբերգություն էր սպասվում. 1936 թվականին Գրողների միությունում նրա ունեցած ելույթն ասես գրողի Կարապի երգն էր, որին հաջորդեց ստալինյան բռնապետության այդ տարիներին սկսված ձերբակալությունը. ըստ դատավճռի՝ Եսայանին պետք է տանեին Սիբիր, սակայն ժամանակի հայ քաղաքական այրերի լուռ համաձայնությամբ Երևանի բանտից տեղափոխեցին Բաքու, ուր նրան անհամբեր սպասում էին ազերի-թաթար արյունախում բանտապահները…այդտեղ էլ, գազանաբար հոշոտվելով, 1937-ին իր մահկանացուն է կնքում մեծ հայրենասերն ու գրողը:
… Իր ապրած 60 տարիների ընթացքում տասնյակից ավելի հատորների՝ երկերի, վիպակների ու պատմվածքների, թարգմանությունների ու գրականագիտական հոդվածների, բանաստեղծությունների ու գողտրիկ, գեղարվեստական արժեք ունեցող նամակների հեղինակ, հանրագիտարանային գիտելիքներ ամբարած Զապել Եսայան մեծանուն հայուհին ապրեց և շարունակում է ապրել իր երկրային կյանքից հետո, ապրել՝ որպես «Բարպա Խաչիկ» ու «Սեբաստացի Մուրադ», որպես «Նոր հարս» ու «Մորեղբայր Հակոբ», որպես «Աքսորյալ հոգի», որպես «Մելիհա Նուրի հանըմ», որպես «Սկյուտարի վերջալույս»…
Կարինե Ավագյան
«Առավոտ»
03.02.2018