Ֆրանսիայի հայ համայնքի համար 2018 թվականը կարեւոր տարի է, քանի որ մայիսի 28-ին սպասվում են տոնակատարություններ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, որոնց մասնակցելու է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարարը: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողներին հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: Նա նշեց՝ ոգեկոչման միջոցառումներ են սպասվում նաեւ ապրիլին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված: «Դեռ պարզ չէ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ներկա կլինի՞, թե ոչ: Հույս ունենք, որ նա հենց այդ օրը կհայտարարի, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Նա ընդգծեց՝ այն փաստը, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման օր է սահմանվել, ֆրանսահայ համայնքի գլխավոր պահանջն է եղել, որն օրերս բարձրաձայնել են Մակրոնի հետ հանդիպմանը: «Նա նաեւ վստահեցրեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը թարմացվելու է, նոր ընթացք է ստանալու: Մակրոնի համար դրական չէ այն փաստը, որ նախորդ տարեվերջին Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է օրինագիծը: Դրան իրավական այլ անկյուն պետք է հաղորդել, մեր փաստաբանները աշխատելու են այդ ուղղությամբ»,-ասաց Փափազյանը:
Բանախոսը նաեւ փաստեց՝ այս տարի ՀՀ-ում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում Մակրոնը գալու է Հայաստան, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները՝ եւս: «Գագաթնաժողովին քաղաքական բնույթ պետք է տալ եւ օգտագործել այն: ՀՀ-ն նոր դաշնակիցներ կունենա՝ ի դեմս Ֆրանկոֆոնիայի երկրների: Ի դեպ, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն մասնակցելու գագաթնաժողովին»,-նկատեց Մուրադ Փափազյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ