Այսօր` փետրվարի 3 -ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ համերգ-միջոցառում` նվիրված ռուսաստաբնակ բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սամվել Կարապետյանի կողմից Արցախում 2017թ. չորրորդ երեխան ծնված ընտանիքներին 4 հազարական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն տալուն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր ելույթում ասաց, որ այստեղ Արցախում պահում են ոչ միայն Արցախի սահմանն, այլ ամբողջ հայության սահմանները. «Ես շատ ուրախ եմ, որ Սամվել Կարապետյանի պես մարդիկ կարողանում են սատար կանգնել նման ծրագրերի, որոնք խթանում են ծնելիության մակարդակի բարձրացմանը Արցախում»:Իսկ Տաշիր ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ասաց, որ Արցախն ազատագրելուց հետո, այժմ այստեղ արմատավորվելու պահանջն է և Արցախը միշտ կլինի իրենց ուշադրության կենտրոնում:
ԱՀ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը իր խոսքում նշեց, որ նախագահ Բակո Սահակյանի առաջարկությամբ դեռ երկուսուկես տարի առաջ Տաշիր բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ` ի լրումն բազմաթիվ այլ բարեգործական ծրագրերի, Արցախում մեկնարկեց 4 հազարական ԱՄՆ դոլարին համարժեք դրամի տրամադրման ծրագիր` չորրորդ երեխան ծնված ընտանիքներին:
«Ծրագրի հիմնական նպատակը Արցախում բազմազավակության խթանումն է և եթե 2012 և 2015 թվականների Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաների թիվը կազմում էր միջինը 165 երեխա, ապա ծրագրի մեկնարկից հետո 2016 և 2017 թվականերին այդ թիվը կազմել է համապատասխանաբար 263 և 230 երեխա»,- ասաց նախարարը:
Միջոցառմանը այդ ընտանիքների համար խաղարկվել է նաև 3 «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենա: Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով, իսկ կատարումներով հանդես է եկել հատուկ հրավիրված երգիչ Արամ MP3-ը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ