Օրերս Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հերթական անգամ նրան հրավիրել է իր հետ Արցախ այցելել: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր Փափազյանը լրագրողներին հայտնեց՝ Մակրոնի պատասխանը կարեւոր էր եւ գոհացուցիչ:
«Նա ասաց՝ չեմ կարող, որովհետեւ եթե գամ, կողմնակալ կորակվեմ, քանզի Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող-երկիր է: Բայց երբ հարցը լուծվի, ձեր հետ կգամ Արցախ»,-Մակրոնի խոսքերը փոխանցեց Փափազյանը, ապա հավելեց,-«Դա նշանակում է, որ նա հայկական Արցախ է գալու»: Թեեւ Մակրոնի հրաժարման պատճառն ի սկզբանե տրամաբանական էր, Փափազյանի խոսքով՝ առաջարկն, այնուամենայնիվ, հնչեցրել է, որպեսզի Ֆրանսիայի նախագահն իմանա՝ Արցախի հարցը ֆրանսահայ համայնքի համար չափազանց կարեւոր է:
«Չէի սպասում, որ նա նման պատասխան կտա: Առավել կարեւոր է, որ նա պատրաստակամություն է հայտնել գալու, երբ հարցը լուծվի: Իսկ դա նշանակում է, որ նա մեզ հետ է եւ հայամետ լուծում է տեսնում»,-համոզմունք հայտնեց Մուրադ Փափազյանը: Անդրադառնալով Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին, որը եւս ներկա է եղել ընթրիքին, Փափազյանը նշեց. «Նա լուրջ վտանգի մեջ է: Այն, ինչ կատարվեց Դինքի հետ, կարող է կատարվել նաեւ նրա հետ: Մակրոնն այս առնչությամբ ասաց՝ ինքը խոսի, որ Փայլանը վտանգի տակ չլինի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ