Դիլիջան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանը 2017թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 9-ն անց 30-ի սահմաններում իր հարազատ եղբոր` 2000թ. ծնված Արտակ Բաղդասարյանի հետ, «ԳԱԶ-69» մակնիշի փայտանյութով բեռնված ավտոմեքենայով դուրս է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» հանդամասից:
«ԳԱԶ-69»-ի տիրոջ ինքնությունը իրավապահները մինչեւ այժմ չեն կարողացել պարզել: Այդ մեքենայի վրա եղել են Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, հանգուցյալ Աշոտ Խաչատրյանի անվամբ հաշվառման համարանիշներ, վարորդ Ազատ Բաղդասարյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Անտառից կտրուկ իջնելու ընթացքում Ազատը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը: Նա թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով մեքենայի ուղեւոր Արտակ Բաղդասարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Ազատ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով («Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով դատաքննության անդրանիկ նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված էր հունվարի 30-ին, սակայն մեղադրողի բացակայության պատճառով այն չկայացավ: Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 7-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ