Թուրքական իշխանություններին զայրացրել է Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությունը, որ Աֆրինում թուրքական զինուժի գործողությունները հիշեցնում են հայոց ցեղասպանությունը, որին զոհ են գնացել բազում խաղաղ բնակիչներ: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: «Թուրքական լրատվամիջոցներն ակնարկեցին, որ դա կարող է լավ չվերջանալ Կարո Փայլանի համար»,-նկատեց նա:
Փորձագետի գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին շրջան ներխուժմամբ եւ տեղի քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ձեռնարկմամբ Մերձավոր Արեւելքում քաոսը ոչ միայն չի ավարտվում, այլեւ նոր ճյուղեր է տալիս. «Որքան Աֆրինում ռազմական դրությունը չի կայունանում, այնքան Թուրքիայում ներքին լարվածությունը հասնում է գագաթնակետին. պահպանվում է իշխանությունների դեմ նոր հեղափոխությունների վտանգը: Բացի այդ, Թուրքիայում լարված իրավիճակ է, քրդական ներուժն է ամրապնդվում»:
Ըստ Մուշեղ Խուդավերդյանի՝ Աֆրինում առավելապես թուրք-ամերիկյան շահերի բախում է տեղի ունենում. «Թուրքիան հայտարարել է, որ Աֆրինի քրդերին զինում են ամերիկացիները: Թուրքական կողմը փաստեր ունի, որ վերջին շրջանում քրդական ուժերին մեծ քանակության զինամթերք է տրվել, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր: Սա առաջացրել է թուրքական կողմի դժգոհությունները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ