Բեռլինում ապաստանած Էրդողանի քննադատ Հայկո Բաղդատը փողոց դուրս գալիս թիկնապահների ուղեկցությամբ է շարժվում, իսկ բեմում հայտնվում է զրահաբաճկոնով. երկյուղում է՝ Էրդողանի երկար, պատժիչ ձեռքը հետեւում է իրեն:
Շաբաթվա սկզբին գերմանական մի շարք լրատվամիջոցներ ազդարարեցին վերոգրյալը՝ անդրադառնալով 1976-ին Թուրքիայում ծնված մեր հայրենակցի՝ լրագրող, կատակերգու Բաղդատի՝ գերմանական աքսորում էլ անդորր չգտած հոգեվիճակին: «Բիլդ»-ին տված հարցազրույցում Բաղդատը պատմել է, թե Թուրքիայում մի շարք դատավարություններ են սկսել իր դեմ, իր կարծիքով՝ Էրդողանի նախաձեռնությամբ, ինչն անհնարին է դարձնում առաջիկայում իր Թուրքիա վերադարձը: Իսկ Գերմանիայում իրեն շատ էլ ապահով չի զգում, քանի որ, ըստ իրեն հասած տեղեկությունների, «զինված վարձու մարդասպանները հետեւում են իրեն, եւ ինչ որ պահի կարող են սեղմել ձգանը»:
Գերմանական «Ֆոկուսը», հիշատակելով «Բիլդի» հարցազրույցը, մեկնաբանում է, թե Եվրոպայում վարձու մարդասպանների թիրախում Թուրքիայից եվրոպական աքսորն ընտրած ալեւի եւ հայ անձինք են: «Քանի որ ես թուրքահպատակ եմ, տեղեկությունը հայտնեցինք թե՛ թուրք պատգամավորներին, թե՛ գերմանացի պաշտոնատար անձանց,- մանրամասնում է Հայկո Բաղդատը եւ շարունակում,- անվտանգության աշխատակիցներն էլ հորդորեցին ինձ ելույթներիս ժամանակ զրահաբաճկոն կրել»:
Գերմանացի պաշտոնատարները զգուշացրել են Բաղդատին, անվտանգության նկատառումներից ելնելով, սեփական խնդիրների մասին չխոսել, բայց լրագրողի կարծիքով, հանրությունը պիտի իրազեկ դառնա, այլապես Գերմանիան չի կարող բոլորին պաշտպան լինել այն դեպքում, երբ թիկունքից իրենց հետապնդող զինված վարձու մարդասպանը՝ քիլլերը, ինչ-որ պահի քաշի ձգանը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում