Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ հենց դա է պատճառը,
որ 2017-ին ավելի քիչ գանգատներ են գնացել Հայաստանից
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ներկայացրած տարեկան վիճակագրությամբ՝ 2017-ի դրությամբ Հայաստանի դեմ գանգատների թիվը 1819 է, իսկ ընդհանրապես ՄԻԵԴ-ում այժմ կա ներկայացված 56 հազար 250 գանգատ բոլոր անդամ պետությունների կողմից: Ադրբեջանի դեմ գանգատների թիվը 2050 է, Թուրքիայի դեմ գանգատների թիվը՝ 7500: Եվրոպական դատարանի ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2015-2016-ի համեմատ 2017-ին աճել է ՀՀ-ի դեմ ներկայացված հատկապես այն գանգատների թիվը, որոնք Եվրոպական դատարանը հասցեագրել է ՀՀ կառավարությանը: Օրինակ՝ 2015-ին ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հասցեագրել է՝ 25, 2016-ին՝ 41 եւ 2017-ին 44 գանգատ: 2017-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ՀՀ-ի դեմ ներկայացված 12 գանգատի դեպքում, 2016-ին վճիռների թիվն ավելին է եղել՝ 16: Նշենք, որ Հայաստանի դեմ ներկայացված գանգատների թիվը 2017-ին նվազել է. 2016-ին ներկայացվել է 763 գանգատ, 2017-ին՝ 356:
Հիշեցնենք՝ Ստրասբուրգում ՄԻԵԴ շենքում կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդին նշեց, որ Հայաստանի դեմ ներկայացվող գանգատները հիմնականում կապված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակի հետ:
Կտրուկ աճ է գրանցվել Թուրքիայի դեմ ներկայացված գանգատների թվում: 2016-ին ընդդեմ Թուրքիայի ՄԻԵԴ է ներկայացվել՝ 8303, իսկ 2017-ին 25978 գանգատ:
«Առավոտի» հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, թե ամենեւին էլ դրական չէ այն, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գանգատների թիվը նվազել է: Հայկ Ալումյանի ներկայացմամբ՝ դրա պատճառն այն է, որ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ներկայացված գործերի քննությունը ձգձգվում է, եւ մարդիկ հուսահատվում են:
Հայկ Ալումյանը տեղեկացրեց՝ Հայաստանից ՄԻԵԴ ներկայացված գանգատները, հաշվի առնելով տոկոսային հարաբերությունը, թե քանի տոկոսն է ճանաչվում ընդունելի, քանի տոկոսով է բավարարվում ՄԻԵԴ-ում դիմողների պահանջը, ՀՀ-ի դեմ վճիռ կայացվում, Հայաստանից գնացած գանգատներն աչքի են ընկնում բարձր որակով: Ըստ Հայկ Ալումյանի՝ այլ խնդիր կա. «Եվրոպական դատարանում մեր գործերն ահավոր ձգձգվում են, կուտակումներ կան, եւ գնալով աճում են այդ թվերը՝ կառավարությանն ուղարկվող գանգատները: Քննությունը այդպես է տարվում: Եվրոպական դատարանից գանգատներն ուղարկվում են ՀՀ կառավարություն, կառավարությունը պատասխան է գրում»:
Հարցին՝ մեր կառավարության պատճառո՞վ են ձգձգվում գործերը, պարոն Ալումյանը պատասխանեց, թե Եվրոպական դատարանի այն աշխատակիցների պատճառով, որոնք պատասխանատու են ՀՀ գանգատների համար:
Հարցին՝ դա միտո՞ւմ է, թե՞ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով է, պարոն Ալումյանը պատասխանեց. «Ես արդեն հինգ տարի է՝ այդտեղ միտում եմ տեսնում, նույնիսկ վեց տարի: Դա հստակ միտում է: Չգիտեմ՝ իշխանությունների, թե ոչ իշխանությունների կամ ինչ է պատճառով, համենայնդեպս, Վրաստանի դեմ գանգատ է ներկայացվել, տարիուկես-երկու տարի հետո վճիռ է եղել, իսկ ՀՀ-ի դեմ գանգատ ունեմ, որից վեց տարի է անցել, բայց ընդունելության վերաբերյալ անգամ որոշում չի կայացվել»:
Հայկ Ալումյանը նշեց, որ հենց դրանով էլ պայմանավորված է, որ 2017-ին ավելի քիչ գանգատներ են գնացել Հայաստանից, քանի որ մարդիկ արդեն հուսահատվում են, երբ իմանում են՝ ինչպիսի ժամկետների մասին է խոսքը լինելու. «Շատերը, որոնք կդիմեին Եվրոպական դատարան, երբ իմանում են, որ յոթ-ութ տարի պետք է սպասեն, իրենց համար հեռանկար չեն տեսնում: Դա շատ բացասական երեւույթ է: Դրա պատճառն այն է, որ մեր գործերը ձգձգվում են»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
02.02.2018
չէ՜… այս մեծ «փաստաբան»ը չի ուզում իրականութիւնը բացայայտել
ՄԻԵԴ-ն ալ Սերժ Սարգսյանի մթին հրահանգներին է հետեւում…