Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց է դժգոհ Սերժ Սարգսյանը

Փետրվար 03,2018 12:00

Նա չի բացում փակագծերը, թե ԱԳՆ-ի գործունեությունում
որո՞նք են եղել «որոշ թերացումները»

Այն բանից հետո, երբ հունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց 2017թ. դիվանագիտական տարին, անցնող տարվա ձեռքբերումները, ԱԳՆ-ի գործունեության արդյունքները, դրանից մեկ օր անց՝ հունվարի 30-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտգործնախարարությունում հանդիպեց ԱԳՆ ղեկավար կազմի հետ:

Նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ԱԳՆ ղեկավար կազմի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը երկու հիմնական շեշտադրմամբ՝ որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները եւ ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար:

«Մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումն ուղղակի օրվա հրամայական է: Այն պայմանավորված է ինչպես մեզ բաժին հասած ավանդական մարտահրավերներով ու սպառնալիքներով, այնպես էլ մեր տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններով: Ընդ որում, փոփոխությունները բերում են ոչ միայն մարտահրավերներին, այլեւ որոշ դեպքերում ստեղծում են նաեւ նոր հնարավորություններ։ Եվ դիվանագիտության խնդիրն է ժամանակին կանխատեսել ու հասկանալ դրանց բնույթը, կարողանալ դրանք հնարավորինս արդյունավետորեն ծառայեցնել մեր երկրի շահերին»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ կարեւորելով արտաքին քաղաքականության բնագավառում միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրավորումը, համապատասխան քաղաքականության մշակումը. «Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում եւ հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում»,- ասել է նա՝ նկատելով, որ ակնկալում է, որպեսզի ԱԳՆ-ն շոշափելի դերակատարում ունենա այդ փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում։

Այնուհետեւ Սերժ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ արտգործնախարարության որոշ թերացումների վերաբերյալ՝ հստակ մատնանշելով այն աշխատանքները, որտեղ կարելի էր լավ եւ հետեւողական ջանքերի շնորհիվ ակնկալվող ավելի մեծ արդյունքների հասնել, եւ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում: Իհարկե, մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետեւողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք: Միաժամանակ, որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, եւ Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը նշել է, որ գուցե իր խոսքը խիստ էր, սակայն դրա նպատակը բնավ ԱԳՆ-ի աշխատանքը թերագնահատելը չէր՝ քննադատությունը միտված է աշխատանքը բարելավելուն, այն ավելի արդյունավետ դարձնելուն, որի պտուղները պետք է վայելեն բոլորը եւ հատկապես՝ գալիք սերունդները. «Ուզում եմ վստահ լինեք, որ ձեր գործը, իրոք, գնահատված է: Միայն այն հանգամանքը, որ մենք բոլորս ձեզ համարում ենք մեր երկրի անվտանգության առաջնագծի մարտիկներ գոնե քաղաքական առումով, զինվորներ ու սպաներ, ես կարծում եմ, որ դա ամենամեծ գնահատականն է: Եվ քանի որ, իրոք, համոզված եմ, որ դիվանագետն իրեն պետք է համարի այդպիսին, ուրեմն ակնկալիքներն էլ մեծ են, եթե կարելի է այստեղ այս արտահայտությունն օգտագործել՝ առավելապաշտական են ակնկալիքները: Եվ ուզում եմ, որպեսզի դուք, գիտակցելով խնդիրների լրջությունը, մի փոքր ավելի թափ հաղորդեք ձեր աշխատանքին»:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը խոսում է դիվանագիտության արդյունավետության բարձրացման օրվա հրամայականի մասին, շեշտում է, որ հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու ժամանակը, ապա ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ԱԳՆ-ի «որոշ թերացումներ» է մատնանշում:

Սերժ Սարգսյանը չի բացում փակագծերը. կոնկրետ ԱԳՆ-ի գործունեությունում որո՞նք են եղել այդ «որոշ թերացումները»: Իհարկե, նա շնորհակալություն է հայտնել ԱԳՆ-ին եւ հատուկ ընդգծել, որ Արցախյան կարգավորման գործընթացում վերջին 10 տարիներին մեր դիրքերն ամրապնդվել են, եւ որ կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք:
Հայկական դիվանագիտության դիրքերի ամրապնդման տեսանկյունից, այո, որոշակի արդյունքներ արդեն իսկ տեսանելի են: Բայց նաեւ պետք է նկատել, որ վերջին տարիներին Ալիեւի վարած հայատյացության քարոզչության, ռազմատենչ հռետորաբանության, առհասարակ, ալիեւյան կոռումպացված ռեժիմի գործունեության, Ադրբեջանում իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ հետեւողական հետապնդումների ու հալածանքների արդյունքում եւ վերջապես 2016թ. ապրիլյան պատերազմի փաստով աշխարհում կամաց-կամաց գիտակցեցին, թե ինչ է իրենից ներկայացնում ալիեւյան ռեժիմն առհասարակ: Իսկ այս պայմաններում, համաձայնեք, հայկական դիվանագիտության հնարավորությունները շատ-շատ ավելին էին, կարելի էր հասնել ավելիին ու, վստահաբար, պետք է հասնել:

Եթե հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու ժամանակը, ապա հատկապես ո՞ր ուղղությամբ Հայաստանը անելիք ունի: Օրինակ՝ Հայաստանի հարեւանների՝ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից ի՞նչ անելիքներ կան:

Կամ՝ Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններում, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում ի՞նչ նոր ուղղություններ կարող է Հայաստանը նախանշել, որպեսզի ավելի նախաձեռնողական քաղաքականություն վարի:
Եվ վերջապես՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Վերջին տարիներին ամենաշատ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը, դրանք իսկապես այդպիսիք դարձնելու անհրաժեշտությունը: Եթե Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ռազմավարական գործընկերներ մնալ, Հայաստանը շարունակելու է մնալ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ, ապա ո՞ր մոտեցումներն են փոփոխությունների ենթարկվելու։ Որտե՞ղ ենք թերացել, որտե՞ղ կա անելիք… Այս հարցերն իսկապես պատասխանի են սպասում, եւ դրանք պետք է տրվեն երկրի բարձրագույն իշխանությունների կողմից:

Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել դիվանագետի, Սերժ Սարգսյանն այսօր խոսում է դիվանագիտության արդյունավետության բարձրացման օրվա հրամայականի մասին, թերեւս սա վկայում է այն մասին, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում կա գիտակցում, որ արտաքին քաղաքականության արդյունավետությունը պետք է բարձրացվի նոր մակարդակի:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 02.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728