«Առավոտ» օրաթերթը ահազանգ է ստացել, որ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին Տուբերկուլյոզի դեմ պայքարի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոններում արեւային կայաններ տեղադրելու, ինչպես նաեւ շենքային պայմանները բարելավելու նպատակով առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել, ինչը հարուցել է այս ծրագրի շրջանակում բուժում ստացող հիվանդների դժգոհությունը:
Նրանք այն կարծիքին են, որ խնայողությունները կատարվել են հիվանդների հաշվին` կրճատելով նրանց տրամադրվող դեղորայքն ու թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու համար դեղամիջոցներ ստացող հիվանդների թիվը:
Այս առնչությամբ «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից պարզաբանեցին, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում արեւային կայաններ տեղադրելու, շենքային պայմանների բարելավման որոշումը նշյալ հիմնարկներում որեւէ բողոք չի առաջացրել: Անհիմն է նաեւ այն կարծիքը, թե իբր խնայողությունները կատարվել են հիվանդների հաշվին»։
Նախարարությունից վստահեցրին, որ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում բուժման մեջ ընդգրկված հիվանդների ծածկույթը 2018 թվականին չի պակասել: Ճիշտ հակառակը` նախորդ տարիների համեմատ աճել է հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլյոզային նոր դեղերով բուժման սխեմաներում ընդգրկված տուբերկուլյոզով հիվանդների եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձանց ծածկույթը:
«Ընթացիկ` 2018 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտվող դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին արդեն իսկ պատվիրվել է դեղորայք, որը բավարար է մինչեւ 2019թ. առաջին եռամսյակը ներառյալ անխափան դեղմատակարարում իրականացնելու համար:
Դրամաշնորհատու կազմակերպության հետ բանակցություններ են ընթանում ծրագրի խնայողությունների հաշվին լրացուցիչ քանակով մեթադոն դեղ գնելու թույլտվություն ստանալու համար` մինչեւ 2020 թվականի կեսը ծրագրում ընդգրկված 500 ներերակային թմրամիջոց օգտագործող անձանց թմրամիջոցներից կախվածության բուժման նպատակով։ Ըստ Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման սկզբունքների` դրամաշնորհային տվյալ շրջանում (2015 թվականի սեպտեմբերի 30-ից մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 30-ը) երկրին թույլատրվում է ձեռք բերել միայն տվյալ ժամանակահատվածում օգտագործման ենթակա դեղորայք եւ հավելյալ` առավելագույնը 6 ամսվա բուֆերային քանակություն:
Դրամաշնորհային ժամանակահատվածի ավարտին, այն է՝ 2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ գոյացած ցանկացած խնայողություն ենթակա է վերադարձի Գլոբալ հիմնադրամին: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դեղապահովման խնդիրը լուծելուց հետո մնացած խնայողությունների մի մասն ուղղել էներգիայի այլընտրանքային` ծախսարդյունավետ աղբյուրների ստեղծմանն ու շենքային պայմանների բարելավմանը` հիվանդներին մատուցվող բուժծառայությունների որակն ավելի լավացնելու նպատակով: Խնայողությունների ծախսման այս ուղղվածությունն արժանացել է դրամաշնորհատուի` Գլոբալ հիմնադրամի հավանությանը։
Պետական բյուջեից հատկացումների կապակցությամբ նշենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրերով 2019-2020 թվականներին նախատեսվում է ձեռք բերել շուրջ 440 միլիոն ՀՀ դրամի տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ բուժման դեղեր եւ բժշկական նշանակության ապրանքներ` 2017 թվականի շուրջ 100 միլիոնի դիմաց, հիմք ընդունելով հաջորդ դրամաշնորհային շրջանում (2019-2021թթ.) երկրին հասանելիք դրամաշնորհային ֆոնդերի նվազումը»,- ասված է նախարարության պատասխանում:
Սեփ.լր.
«Առավոտ»
02.02.2018