Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը ուսումնասիրելով «Արթիկ» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը, որոշում էր կայացրել պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ տալ բացասական եզրակացություն: Դեկտեմբերի 1-ի որոշումը բողոքաբեր կողմը ստացել է դեկտեմբերի 13-ին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. դեկտեմբերի 1-ի որոշման դեմ բողոք բերած արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պաշտպաններ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Նարինե Ռշտունին եւ Ռոբերտ Ռեւազյանը հղում էին կատարել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ հոդվածի 4-րդ կետերին. յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք. «Պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննելիս դատարանը, փաստորեն, քննարկում է անձին ազատություն տրամադրելու կամ չտրամադրելու հարց: Որպես վատ վարքի համար պատժի միջոց անձին ազատություն չտրամադրելը վերաբերում է քրեական իրավունքի ոլորտին եւ առաջացնում է ծանր հետեւանքներ տվյալ անձի համար»:
Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:
Բողոքաբեր կողմի տեղեկացմամբ՝ 10.10.1996թ. Արսեն Արծրունին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի:
01.08.2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով Արսեն Արծրունուն ներում է շնորհվել եւ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Գործող ՀՀ քրեական օրենսգիրքը ընդունվել է 29.04.2003թ., ուժի մեջ է 01.08.2003թ.-ից: ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն. «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝ ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին»:
ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը ընդունվել է 24.12. 2004թ., ուժի մեջ է 10.02.2005թ.-ից:
Բողոքաբեր կողմի բողոքի համաձայն, մարզի դատարանը խախտել էր Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը չեն կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նրանք ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով: Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը ամրագրում է գործի արդարացի քննության սկզբունքը:
Ըստ պաշտպանական կողմի, 2017թ. հոկտեմբերի 25-ի դատական նիստի ժամանակ, առանց գործով մասնակցող դատախազի եւ քրեակատարողական հիմնարկի եւ հանձնաժողովի ներկայացուցիչներին բացարկ հայտնելու հարցի քննարկման, մարզի դատարանը փորձել էր շարունակել գործի քննությունը: «Մեր կողմից հարց է բարձրացվել, արդյոք դատարանը չի՞ ցանկանում ստուգել դատախազին բացարկ հայտնելու հիմքերը, ինչին դատարանը պատասխանել է, որ քրեական դատավարությունում գործի այս փուլում նման կարգավորում չկա եւ այդ հարցին չի անդրադարձել»,-նշել էր բողոքաբեր կողմը, որի գնահատմամբ, դատարանի նման դիրքորոշմամբ խախտվել է գործի արդարացի քննության սկզբունքը, դատապարտյալի ներկայացուցիչները զրկված են եղել, մասնավորապես, հանձնաժողովի ներկայացուցչին բացարկ հայտնելու հնարավորությունից:
Ի դեպ, դատարանն իր որոշման մեջ նշել էր նաեւ. «Գործի նյութերի, ինչպես նաեւ դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրությունից երեւում է, որ Արսեն Արայի Արծրունին պատժի կրման ընթացքում 3 անգամ կարգապահական տույժերի է ենթարկվել, չի խրախուսվել, արտաքին աշխարհի՝ հարազատների հետ կապը պահպանում է հիմնականում հեռախոսակապի միջոցով, քաղ. հայց չունի, կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցում է, սովորում է բուհում, որպես ասպիրանտ, անտարբեր է քրեական ենթամշակույթի եւ քրեական ավանդույթների նկատմամբ, բնավորությամբ հանգիստ է, շփվող, ինքնամփոփ, աշխատասեր, հարգալից, միջանձնային կոնֆլիկտային խնդիրներ չունի, զղջում է կատարած արարքի համար», ինչի կապակցությամբ պաշտպանական կողմը կարծում է, որ առաջին ատյանի դատարանը չի կատարել այս գործով հանգամանքների բազմակողմանի, ինքնուրույն վերլուծություն:
Դատարանի գնահատմամբ, Արսեն Արծրունուն պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի եզրակացությունը տրվել է «օրենքով սահմանված ընթացակարգերի հիման վրա եւ այն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է դատարան»:
Սակայն հակառակ կարծիքն ունեն թե դատապարտյալը, թե նրա պաշտպանները, որոնք բողոքում նշում են, որ հանձնաժողովի 12.07.2017թ. նիստի ժամանակ, Արսեն Արծրունու կողմից հանձնաժողովին է ներկայացվել իրեն բնութագրող եւ քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում իր գործունեությունը ներկայացնող փաստաթղթերի շուրջ 260 էջից բաղկացած փաթեթը: Այդ մասին որեւէ առարկություն կամ հերքում չի եղել դատարանում անկախ հանձնաժողովի, քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի կողմից, որոնք ներկա չեն եղել նիստին: Բողոքաբեր կողմի տեղեկացմամբ, նշյալ փաթեթը դատարան ներկայացված նյութերի ցանկից բացակայել է. «Հանձնաժողովի կողմից դրանք ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձվել, ինչպես նաեւ չեն կցվել գործի նյութերին»:
Բողոքաբեր պաշտպանների գնահատմամբ, բացասական եզրակացությունից երեւում է, որ. «Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են միայն ՔԿՀ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը, իսկ Արսեն Արծրունու կողմից ներկայացված որեւէ փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ: Բացի այդ, հանձնաժողովի այն միտքը, որ ՔԿՀ-ի կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ Արսեն Արծրունու կողմից առարկություն չի եղել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատապարտյալի անձի եւ վարքագծի փաստական նկարագրի մեջ նշված է, որ 03.11.16թ. առկա է կարգապահական տույժ, որը ճշմարտացի տվյալներ չեն, քանի որ տույժը տրվել է ոչ թե 2016թ., այլ՝ 2006-ին»:
Ի դեպ, բողոքաբեր կողմը միջնորդել էր մարզի դատարանում, որպեսզի դատարան հրավիրվի հանձնաժողովի նախագահը: Այդ միջնորդությունը բավարարվել էր, նիստը հետաձգվել էր: Սակայն հանձնաժողովի նախագահի փոխարեն ներկայացուցիչն էր եկել, նորից հետաձգվել էր նիստը, իսկ չարաբաստիկ վճռի օրը հանձնաժողովի նախագահը դատարանին գրությամբ տեղեկացրել էր. «Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող այդ օրը ներկայանալ դատարան»:
Նախորդ օրն էլ վերաքննիչ դատարանում դատախազը նման պատճառաբանությամբ գրություն էր ուղարկել, փոխարենը ներկա էին լուսանկարում պատկերված քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչն ու մեկ հանձնաժողովական:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
02.02.2018