Փետրվարի 2-ին արտգործնախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նիստին ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ինչպես նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի քաղաքապետարանի, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի, Հ․ Թումանյանի թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչներ:
Նիստի բացմանը Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ 2016-2017 թթ․ աշխատանքները, անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության առավել խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, 2018-2019թթ. նախատեսվող ծրագրերին։
Հանձնաժողովի անդամները հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում համագործակցության տարբեր բնագավառների վերաբերյալ առաջարկներով։
Նիստի մասնակիցները քննարկեցին միջգերատեսչական փոխգործակցության, մշակութային ժառանգության պահպանման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր տարեթվերի ցանկում առաջարկությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ընդգրկման համար պատրաստվող հայտերին առնչվող հարցեր։
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն