Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հենց տարեսկզբից բավական ակտիվություն է նկատվում։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է դիվանագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի հետ։
– ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարեցին, որ 2018 թվականի առաջնահերթությունների մեջ պետք է լինի ղարաբաղյան խնդիրը։ Սա ի՞նչ էր նշանակում։
– Դե, առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն էր արվում, բայց գովելի է։
– Ակնկալո՞ւմ եք այս տարվա ընթացքում գործընթացում տեսանելի առաջընթաց։
– Ես հույս ունեմ։ Եվ կարծում եմ՝ շատ լավ կլինի Հայաստանի զարգացման համար, որ առաջընթացը լինի տեսանելի, այսինքն՝ փաստաթուղթը, որի շուրջ բանակցություններ են հիմա տեղի ունենում, ստորագրվի։
– Քայլերը, որ արվել են վերջին շրջանում, ինչպե՞ս եք գնահատում։ Հնարավո՞ր էր անել ավելին, որ չի արվել։
– Շատ դժվար է ասել։ Փակ դռների ետեւում բանակցություններ են, որոնց ժամանակ յուրաքանչյուր կողմ իր շահերն է պաշտպանում։ Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ի՞նչ շեշտադրումներ է արել, չգիտեմ՝ մերոնք ի՞նչ շեշտադրումներ են արել։ Այդ իսկ պատճառով բանակցությունների վերաբերյալ գնահատական տալն անշնորհակալ գործ է։ Միեւնույն ժամանակ, ընդհանուր գործընթացի առումով կա աշխուժացում, ինչի մասին ասացի։ Միայն փաստաթղթի ստորագրում, ուրիշ որեւէ նոր բան առաջ չի քաշվելու։ Եթե 20 տարի բանակցում են մի խնդրի շուրջ, իսկ 10 տարուց ավելի՝ մադրիդյան փաստաթղթի այս կամ այն տարբերակի շուրջ, նոր, հեղափոխական որեւէ առաջարկություն չի լինելու։ Դրա մասին շատ է ասվել, որ փաստաթուղթը 95 տոկոսով համաձայնեցված է, մնացած կնճռոտ հարցերի շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն:
Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում