Կա իրականությունը` նիստերը բաց են ու գերազանցապես ի՞նչն է լուսաբանվում` վարչապետը ու՞մ ի՞նչ ասաց, ո՞ր նախարարը ի՞նչ պատասխանեց: ՈՒ` ի՞նչ: Բուն հարցը, օրինագիծը մնում են ինչ-որ տեղ` թղթերի մեջ: Նույնը կատարվում է և խորհրդարանում` ԱԺ-ի աշխատանքի լուսաբանման 99 տոկոսը քաղաքական ու մերձքաղաքական անցուդարձն է, օրինաստեղծ գործունեությունը ոչ մեկին չի հետաքրքրում, իսկ եթե հետաքրքրում է` պարզելու կոնկրետ օրինագիծը կոնկրետ ու՞մ շահն է պաշտպանում: Եվ շատ հազվադեպ ու խիստ խնդրահարույց օրինագծերն են դառնում ուսումնասիրման ու լուսաբանման նյութ:
Սահմանադրությամբ իշխանությունը ժողովրդինն է և տրամաբանական է, որ գործող իշխանությունը սահմանադրական իշխանությունից գաղտնիքներ չպետք է ունենա: Պետական կառավարման կառույցների գործունեությունը պիտի լինի հրապարակային, հանրային վերահսկողության ենթակա ու ժողովրդին հաշվետու:
Այլ հարց է, որ հրապարակայնություն, վերահսկողություն, հաշվետվողականություն` ապրիորի հասկացություններ են: Հիմա, որ կառավարության նիստերը բաց են, այդ հասկացությունները գործու՞մ են: Խնդիրը դա է, ոչ թե նիստերը դռնբաց, թե դռնփակ են լինելու: Խնդիրը ձևերից ձերբազատվելն ու բովանդակությանը հասնելն է:
Դավիթ Հարությունյանը, իհարկե, չափազանցրել է` գերգաղտնիության պայմաններում, հերմետիկ փակված էլ կառավարությունում չի լինելու անկաշկանդ բանավեճ, որի ընթացքում նախարարներն առարկելու են վարչապետին, սեփական փաստարկներ են բերելու, պնդելու են իրենց տեսակետը ու գուցե համոզելու են: Դա չի լինելու ոչ այն պատճառով, որ նրանք տեսակետ չունեն: Իհարկե ունեն և լավ էլ պատկերացնում են իրենց ոլորտների վիճակն ու հեռանկարները: Բայց նրանք մի համակարգի մաս են, որտեղ որոշումներն ընդունում են ոչ իրենք: Ուզում եք անվանեք Հայաստանի երրորդ, ուզում եք չորրորդ հանրապետություն, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցումով կառավարման մոդել չի փոխվելու, քանի իշխանությունը ՀՀԿ-ինն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում