Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեմոկրատները մեղադրում են հանրապետականներին հաստատված զեկույցի տեքստի փոփոխման մեջ (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 02,2018 10:47

«Ամերիկայի Ձայն».Հատուկ ծառայությունների գծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատները պնդում են, որ հանրապետականները Սպիտակ տուն են փոխանցել հանձնաժողովի հաստատած Ռուսաստանի ներգրավվածության մասին փաստաթղթի փոփոխված տարբերակը՝ հաստատված զեկույցը ուղարկելու փոխարեն:

Հանրապետականների պատրաստած այս փաստաթղթում ընդգծվում է, որ արդարադատության նախարարության որոշ մարմիններում առկա է կողմնակալ վերաբերմունք նախագահ Թրամփի հանդեպ: Փաստաթուղթը հանրությանը հասանելի դարձնելու հարցը կորոշի Սպիտակ տունը: Հաշվի առնելով, որ նախկինում նախագահ Թրամփը հանդես է եկել դրա հրապարակման օգտին՝ փաստաթուղթը հասանելի կլինի հանրությանը:

Իսկ այդ ընթացքում հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակով դիմել է հանձնաժողովի հանրապետական նախագահ Դևին Նունեսին՝ նշելով, որ դեմոկրատները բացահայտել են, որ հաստատմանը ներկայացված փաստաթուղթն ամբողջական չէր և այնտեղ առկա էին որոշ դրույթներ, որոնք հասանելի չէին հանձնաժողովի անդամներին: Կոնգրեսական Շիֆն այս իրավիճակը գնահատում է չափազանց խնդրահարույց:

Նա ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ այդ փոփոխությունները չեն փոխում փաստաթղթի բովանդակությունը՝ դրանք չափազանց կարևոր են հաստատման համար:

Հանձնաժողովի նախագահ Նունեսի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ Սպիտակ տուն ուղարկված տարբերակում արվել են չնչին խմբագրական փոփոխություններ, և այս աղմուկի հիմնական նպատակն է շեղել ուշադրությունը հիմնական խախտումներից:

Չորեքշաբթի օրը Հետաքննությունների դաշնային բյուրոն ընդգծել է, որ այն ունի մտահոգություններ, որ փաստաթղթում նշված տվյալները կարող են չհամապատասխանել իրականությանը: Կառույցն ընդգծել է, որ չի ունեցել հնարավորություն ավելի խորը ուսումնասիրելու այն՝ նախքան հանձնաժողովի քվեարկությունը:

Այս փաստաթուղթը կարող է ունենալ հետևանքներ հետաքննություն իրականացնող մարմինների համար, եթե հաստատվի, որ հետաքննության ընթացքում եղել են որոշակի խախտումներ: Դա կարող է հիմք հանդիսանալ նախագահ Թրամփի համար՝ պահանջելու Հետաքննությունների դաշնային բյուրոյի, արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Ռուսաստանի հետ Թրամփի թիմի համագործակցության մասին հետաքննությունն իրականացնող հատուկ հետաքննողի հեռացումը իրենց պաշտոններից:

 

Արամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728