Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկապարտեզում ունենք այգեպան, իսկ մանկապարտեզն այգի չունի»

Փետրվար 01,2018 23:03

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցությունը գտնում է, որ Վանաձորի մանկապարտեզներում մրցույթով ձեռք բերվող ապրանքները, համեմատած ՀՀ մյուս քաղաքներում գործող մանկապարտեզների ամենաթանկն են:

-Հիմա դրա համար կարող են լինել շատ հիմնավորումներ, որ մրցույթին մասնակցել է մի ընկերություն եւ այլն, բայց, իհարկե, բոլորը հասկանում են, որ կան պատճառներ: Այդ պատճառները մենք ուսումնասիրում ենք, եւ դրանք լույսի տակ բերելով փորձում ենք նաեւ նման դրսեւորումների կանխումն իրականացնենք, որպեսզի այն սահմանափակ ռեսուրսը,որ ծախսվում է համայնքի, մանկապարտեզների եւ այլի վրա, ծախսվի ավելի արդյունավետ: Եթե այդ նույն գումարով սնվում է 10 երեխա, բայց կարող է սնվել՝ 15-ը, ուրեմն պետք է անել այդպես,- ասում է խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:

Բացի դա, խմբակցության ավագանու անդամ Կարինե Ղուկասյանի վստահեցմամբ բացի այդ, Վանաձորի մանկապարտեզներում առկա են մի շարք այլ խնդիրներ. «Մանկապարտեզներում բուժքույրերի կրճատումներ են կատարվել:  Ես չեմ հասկանում, բուժքույրը ո՞նց կարող է մանկապարտեզում մնալ կես օր: Բայց մանկապարտեզում ունենք այգեպան, իսկ մանկապարտեզն այգի չունի: Ես դեմ չեմ, բայց ունենք մանկապարտեզ, որ իր ջեռուցման համար տրամադրվում է 1 միլիոն 200.000-600.000 դրամ, բայց միեւնույն ժամանակ ունենք մանկապարտեզ, որ ջեռուցման հարցը լուծելու համար նրան տրամադրվում է 250.000 դրամ: Ունենք նաեւ լավագույն մանկապարտեզներ, որոնք ունեն տաքացվող, բայց ազատ սենյակներ, որոնք չեն օգտագործվում»:

Կարինե Ղուկասյանը նշեց, որ ավագանու տարեվերջյան նիստի ընթացքում համայնքի ղեկավարին առաջարկել է քաղաքի մանկապարտեզները Երեւանի օրինակով դարձնել անվճար: Ասում է այժմ իրենք ուսումնասիրություն են իրականացնում. «Մայրաքաղաքը չունենալով այնպիսի սոցիալական վիճակ, ինչպիսին Վանաձոր քաղաքն է, այնտեղ մանկապարտեզներն անվճար են, իսկ մեզ մոտ՝ վճարովի: Ներկայումս մենք որոշ ուսումնասիրություններ ենք կատարում, որպեսզի տեսնենք, թե համայնքը քանի հնարավոր տեղ ունի, նաեւ կահավորման, սենյակների, երեխաների, աշխատատեղերի: Որովհետեւ դա միայն սննդի խնդիրը չէ: Ուսումնասիրությունները կատարելուց հետո մենք կունենանք հստակ թվեր, որն արդեն իսկ կարող ենք թղթին հանձնելով առաջարկենք եւ պահանջենք»:

Երիտասարդ Գեւորգ Քոթանջյանն էլ հետաքրքրվեց, մանկապարտեզներն անվճար դառնալու դեպքում, արդյո՞ք կոռուպցիոն ռիսկերը չեն մեծանա. «Հիմա խոսում են, որ այս դեպքում Երեւանում կոռուպցիան է մեծացել: Այսինքն, երեխաներին մանկապարտեզ ընդունելու համար մինչեւ 200 դոլար գումար են վերցնում: Այստեղ դա վերահսկել հնարավոր կլինի»:

Կուսակցության անդամների կարծիքով Վանաձորում իրավիճակը կարելի է վերահսկել:

«ՀԿ կենտրոն» ՀԿ-ն ներկայացնող Հերմինե Գասպարյանին էլ անհանգստացնում է մանկապարտեզներում աշխատող մասնագետների մասնագիտական որակավորումը. «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եւս մեկ և, երևի թե, ավելի կարեւոր կոմպոնենտի վրա, դա երեխաների հետ տարվող մեթոդական ու հոգեբանական աշխատանքներն են: Որովհետեւ տարբեր կարծիքներ ենք լսում, թե ինչ հոգեբանական խնդիրների են հանդիպում երեխաները մանկապարտեզներում: Դրա պատճառը գուցե շատ հաճախ խմբերի գերծանրաբեռնվածությունն է, կամ մասնագետի ոչ կոմպետենտությունը: Ես կցանկանայի, որ պատրաստվող առաջարկությունների փաթեթում ներառեք նաեւ մասնագետների վերապատրաստման եւ հոգեբանական խնդիրների հարցը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728