«Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար, ոչ այլ ինչ է, քան Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`հավելելով. «Բայց սա ձախողված փորձ է, որովհետեւ Արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի: Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է»:
Իրանի իսլամական հանրապետության եւ արաբական մի շարք երկրների հավասարակշռված մոտեցումն Արցախի հարցին, ըստ բանախոսի, խոսում է մեկ կարեւորագույն փաստի մասին` Ադրբեջանի հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը՝ փորձել Արցախյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, դատապարտված են անհաջողության: Արցախի ժողովրդի պայքարը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության պայքար է, պայքար է ազատության, անկախության համար, որը ուշ թե շուտ պսակվելու է հաջողությամբ: Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը. ուզեն Ադրբեջանում, թե չուզեն, դա է ցույց տալիս պատմությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ