«Շատ ժողովրդավարական երկրներ կան, որտեղ կառավարության նիստերը դռնփակ են»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, կառավարության դռնփակ նիստեր անցկացնելու մասին որոշում այսօր կայացրել է կառավարությունը: Որոշումը դարձել է լրագրողների եւ ընդդիմադիր գործիչների դժգոհության պատճառ:
«Եթե որեւէ մեկը համոզի որ Գերմանիան, Իսրայելը ժողովրդավարական չեն, ի՞նչ կարող եմ ասել: Այս երկրներում կառավարության նիստերը փակ են: Իսրայելում չի էլ թույլատրվում որեւէ օտար մարդու ներկայություն կառավարությունում, իսկ մեզ մոտ բացի կառավարության անդամներից ուրիշ ներկայացուցիչներ էլ կան: Հիմա, որ իրենք դեմ են արտահայտվում, հարցնում եմ՝ եթե այդպես է, կա՞ միջազգային պրակտիկա: Աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում դռնփակ են նիստեր անում: Նաեւ Մեծ Բրիտանիայում է այդպես, ի՞նչն է խնդիրը»,- իր հիմնավորումները ներկայացրեց Էդուարդ Շարմազանովը`հավելելով, որ խորհրդարանը մնում է քննարկումների եւ բանավեճերի հարթակ:
Դիտարկմանը`թե Հայաստանը պետք չէ համեմատել այդ երկրների հետ, հակադարձեց. «Ուրեմն թող չասեն, որ հետընթաց է. իրենք ասում են՝ եթե փակ է, ուրեմն հետընթաց է, իսկ Հայաստանը բոլոր միջազգային կազմակերպությունների, գոնե վերջին հետազոտությունների արդյունքներով, գնում է դեպի ժողովրդավարություն: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահը հանդես էր գալիս ԵԽԽՎ-ում, պարոն Յագլանդի հետ հանդիպում եղավ, ու որեւէ պատգամավոր հարցականի տակ չդրեց Հայաստանի ժողովրդավարության հարցը, իսկ Յագլանդն էլ կասկածի տակ չդրեց, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ»:
ԱԺ փոխխոսնակն էլ է պնդում`հանրությունից թաքցնելու բան չունեն, այսպես են անում, որ կառավարության անդամներն իրենց կաշկանդված չզգան, ազատ բանավեճեր լինեն:
Հիշեցնենք, որ Հայաստանում եղել են ժամանակներ, երբ կառավարության նիստերը դռնփակ էին: Դրանք դռնբաց էին վերջին 8-10 տարիներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ