Խոշորացված Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանից տեղեկացանք,որ ինքն այժմ այցելություններ է կատարում Բերդի տարածաշրջանի գյուղեր, հանդիպում բնակչության հետ, ծանոթանում առկա հիմնահարցերին:
Տեղերում փաստաթղթային ստուգումների ավարտից, գյուղերում առկա ռեսուրսները եւ խնդիրների առաջնահերթությունները ճշտելուց հետո ձեռնամուխ կլինեն համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը:
Նա հայտնեց, որ Բերդ համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը մեծանալու է: Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի միջոցով Բերդը ձեռք է բերելու գրեյդեր, տրակտոր, ինքնաթափ մեքենաներ եւ 6 միկրոավտոբուս, որոնք 6 ուղղություններով ուղեւորափոխադրումներ կիրականացնեն: Այդ ծրագրում համայնքի ներդրումը կազմելու է ավելի քան 10 տոկոս: Ծրագիրը, ըստ ամենայնի, 2 ամսից կհաստատվի:
Բերդի համայնքապետի տեղակալ Սամվել Հովսեփյանն ասաց՝ հույսեր են կապում, որ կառավարության կողմից հատկացվելիք սուբվենցիաներով համայնքում ծրագրեր կիրականացնեն, իրենք պատրաստ են այդ նպատակով Բերդի ֆոնդային բյուջեից գումարներ հատկացնել:
Համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանը հայտնեց, որ այժմ զբաղված են առկա գյուղատնտեսական տեխնիկան գարնանացանին նախապատրաստելու աշխատանքներով, գյուղտեխնիկան ըստ անհրաժեշտության նորոգվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ