Այսօր կառավարությունը Պարույր Սեւակի 5/1 հասցեում գտնվող 434 միլիոն 617 887 դրամ արժողությամբ գույքը, որն այս պահին գտնվում է պետգույքի հաշվեկշռում, տրամադրեց ազգային անվտանգության ծառայությանը` որպես բնակարաններ վերակառուցելու ծառայության աշխատակիցներին տրամադրելու նպատակով:
Նախագծում հստակեցված չէր, թե ինչ շենքի մասին է խոսքը: Երեկ` հունվարի 31-ին Aravot.am-ը հրապարակել էր որոշման նախագծից հատվածներ` նշելով, որ նշյալ` Պարույր Սեւակի 5/1 հասցեում գտնվում է Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ-ը: Այդ հասցեում որեւէ այլ հիմնարկություն նշված չէ:
Այսօր պարզ դարձավ, որ ոչ թե ինստիտուտի շենքն են տալիս ԱԱԾ-ին, այլ` մեկ այլ կառույց, որի հասցեն ոչ թե 5/1 է, այլ` Պարույր Սեւակի 5:
Aravot.am-ը պետգույքի կառավարման վարչություն հետաքրքրվեց, թե ինչ կառույցի մասին է խոսքը, եթե ոչ Կենսաքիմիայի ինստիտուտի:
Ի պատասխան, պետգույքի կառավարման վարչությունից հայտնեցին, որ այդ շենքը, որի մասին նախագծում խոսք է գնում, ժամանակին պատկանել է ԱԱԾ-ին, ապա անցել է ՊԵԿ-ին, որից հետո կրկին վերադարձվել պետգույքին: Պետգույքն էլ որոշել է կրկին տրամադրել ԱԱԾ-ին:
Իսկ թե ինչո՞ւ է նախագծում մատնանշված Կենսաքիմիայի ինստիտուտի հասցեն, այդ հարցին որեւէ մեկը չկարողացավ պատասխանել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ