Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում «Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցները և դրանց հայկական շավիղները» խորագրով քննարկմանը ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի կողմից հրապարակված այսպես կոչված կրեմլյան զեկույցը այսբերգի մի մասն է, գլխավոր հատվածը՝ պատժամիջոցները, գաղտնի հատվածներում է լինում:
Փորձագետի բնութագրմամբ՝ այս տարի ՌԴ-ում նախագահական ընտրությունների հետ կապված լուրջ ներքաղաքական ճգնաժամ կլինի. «ԱՄՆ-ն կփորձի ճեղքել կամ քանդել այն բուրգը, որ այժմ կառուցված է ՌԴ-ում: Պատահական չէ, որ բացի միլիարդատեր օլիգարխներից, այս ցուցակում ՌԴ նախագահի խորհրդականներ և օգնականներ կան, որոնք թղթի վրա այդպիսի մեծ հնարավորություններ, գումարներ չունեն»:
Ըստ Արմեն Վարդանյանի՝ ուշագրավ իրադարձություն էր նաև այն, որ մի քանի օր առաջ Քսենյա Սոբչակին ԱՄՆ-ում ճաշի հրավիրեցին, և ամեն կերպ փորձելու են այս ընտրությունները Ռուսաստանի համար մի մղձավանջի վերածել: Իսկ ՀՀ-ի համար լուրջ մտահոգության առարկա է այն, որ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը մոտ ապագայում կմտնի ավելի խիստ պատժամիջոցների ներքո. «Հայաստանը ներկայումս իր ռազմական գնումների մեծ մասը կատարում է ՌԴ-ից: Ճիշտ է, այժմ կան փորձեր դիվերսիֆիկացնելու՝ Չինաստանից են փորձում զենք գնել, սակայն սա վտանգավոր է այն առումով, որ այս ԵՏՄ կոչված կառույցի պատճառով ոչ ԵՏՄ երկրներից գնված զենքի մաքսատուրքը 20 տոկոսով ավելի շատ է լինելու, և լուրջ խնդիրներ են ի հայտ գալու»:
Արմեն Վարդանյանը ԵՏՄ-ում էլ մոտ ապագայում որոշակի տեղաշարժեր է կանխատեսում. «Դեկտեմբերին Նազարբաևին ԱՄՆ-ում ամենաբարձր մակարդակի ընդունելություն ցուցաբերեցին, և ռազմական հարաբերությունների մասին էր խոսվում: Չի բացառվում՝ ԵՏՄ-ն փորձեն քանդել՝ որոշ երկրների իրենց կողմը քաշելով»:
Ըստ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի` Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը պատժամիջոցների հարցում հետևյալն է. Թուրքիան մշտապես հայտարարում է միակողմանի՝ մի երկրի կողմից մյուսի հանդեպ սահմանված պատժամիջոցներին դեմ է և նախկինում էլ հայտարարել էր, որ ինքը չի միացել Իրանի ու ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցներին, թեպետ Թուրքիան զիջումների է գնացել, բավականին կրճատել Իրանից նավթի ներկրումը: Թուրքիան հայտարարել է, թե իր համար միակ տարբերակը ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն են:
Ըստ պարոն Գաբրիելյանի՝ Թուրքիան հետապնդում է երկու կարևոր նպատակ. չի ուզում փչացնել տվյալ երկրների հետ իր քաղաքական և տնտեսական հարաբերությունները. «Թուրքիան հասկանում է, որ այսպես տեմպերը շարունակվելու դեպքում օրերից մի օր էլ նրա նկատմամբ կարող են պատժամիջոցներ սահմանվել ու փորձում է ապահովագրել իրեն նման զարգացումներից»:
Հայկ Գաբրիելյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարարի նկատմամբ, որը նույնպես իրանական պատժամիջոցների շրջանցման գործում է ներգրավված: Կարևոր է այն, որ անգամ թուրք նախկին նախարարներին և պետական գործիչներին արգելվել է ԱՄՆ և հնարավոր է նրանց հրավիրեն ցուցմունք տալու տվյալ գործով:
Պարոն Գաբրիելյանի պնդմամբ՝ էական է նաև այն, որ Թուրքիան հայտարարել է ՌԴ-ից S400 զենիթային համակարգերի գնման մասին, և այդ ընկերությունը ևս հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո. «Եթե Էրդողանը շարունակի վարել նույն քաղաքականությունը, և Թուրքիան շարունակի մնալ բաց երկնքի տակ բանտ, բացի այդ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ աջակցել են Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների շրջանցմանը, Ղրիմի հետ են կապեր պահպանում, չեմ բացառում, որ Ամերիկան մեկ օր էլ նման ցուցակ կարող է հրապարակել Թուրքիայի հետ կապված»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA-ի