Այսօր առավոտյան գայլերը մտել են Լոռու մարզի Դեբեդ գյուղ: Նրանք հոշոտել են գյուղի բնակիչ Պարույր Մատինյանին պատկանող ձին: Վերջինիս խոսքով ընտանիքին պատճառվել է 350.000 դրամից ավելի վնաս. «Գյուղի վերջի տան մոտ է կերելը գայլը: Տան բնակիչները զանգեցին ասեցին, գնացինք տեսանք, որ ոչ մի բան չի մնացել, կերել վերջացրել ա»:
Մի քանի ամիս առաջ եւս գայլերը այս ընտանիքին մեծ վնասեր են հասցրել: Հոշոտել են ընտանիքին պատկանող եւս 4 ձի: Պարույրն ասում է, որ դեպքից հետո էլ երբեւէ որեւէ մեկին չեն դիմել: Ասում է հույս չունեն, որ որեւէ աջակցություն կլինի: Հիմա էլ հույսները դնում են լրատվամիջոցների վրա: Հուսով են, որ հարցը բարձրացնելու դեպքում պատկան մարմինները կզբաղվեն խնդրով. «Ակնկալում ենք, ու խնդրում ենք, որ հարցը ձեր միջոցով բարձրացնելու դեպքում ինչ-որ մարդիկ զբաղվեն: Նենց չի, որ ավել կենդանի էր, գելն էլ եկավ կերավ: Ընտանիք ենք պահում, 1000 պակաս բան կա: Էսօր իմ ձին կերավ, վաղը, մյուս օրն էլ՝ մեկ ուրիշներինը: Մի շաբաթ առաջ էլ կողքիս նստած հարեւանիս ձին կերավ»:
Մոտ մեկ ամիս առաջ էլ գայլը կերել էր Արթուր Ղազարյանի ընտանիքին պատկանող մի քանի ձի եւ հորթ: Ընտանիքի ապրուստի միակ միջոցն էլ անասնապահությունն է: Արթուրն ասում է, որ երեկոյան ժամերին արդեն վախենում են տնից դուրս գալ. «Իրիկունը 10-ին տուն ենք գնում, ճանապարհին գայլին ենք հանդիպում: Վտանգավոր ա էլի, գյուղ են մտնում, մարդիկ վախենում են»:
Գյուղացու խոսքով, աջակցություն լինելու դեպքում իրենք պատրաստ են խնդրին ինչ-որ չափով լուծում տալ. «Ունենք գրանցված որսորդներ, բայց դրամական օգնություն չունենք, որ գնանք մի հատ պատրոն առնենք, որ գնանք էդ գելերի դեմն առնենք: Մենք պատրաստ ենք գյուղացիներով համախմբվենք, ուղղակի աջակցություն ա պետք»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ