Սարգիս Մուրադյան պատկերասրահում փետրվարի 1-ին մեկնարկեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի երկրորդ՝ «Մեդիամարտն ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցադրությունը։
«Սա այն նախագծերից մեկն է, որը ընկած է մի քանի ոլորտների մեջտեղում․ այն մի կողմից ցուցահանդես է, մի կողմից թանգարան։ Այս ցուցահանդեսը տարբերվում է այն ամենից, ինչ մենք սովոր ենք տեսնել։ Իրականում այն շոշափել է շատ կարևոր հարցեր Հայաստանի համար։ Սա կոռուպցիայի լուսաբանման պատմությունն է վերջին 25-տարիների ընթացքում։ Մենք փորձել ենք հավաքագրել ու մատուցել այն»,- հանդիպմանը իր բացման խոսքում նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։
«Լրատուն» թանգարանը շրջիկ ցուցահանդեսների միջոցով ներկայացնում է Հայաստանի նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը: Այն միտված է նպաստելու լայն շրջանակների մեդիակրթությանն ու լրագրության հեղինակության բարձրացմանը։
Ցուցահանդեսի ընթացքում հյուրերին հնարավորություն է տրվում մուլտիմեդիա միջոցներով ծանոթանալու 7 աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի հետ, կարդալու նյութերը ինչպես նաև երեք նոր ինտելեկտուալ խաղերի միջոցով հարստացնելու մեդիագրագիտության վերաբերյալ գիտելիքները։
Ցուցահանդեսի հյուրերից էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն իր ելույթում նշեց՝ անկախ լրատվամիջոցները կարևոր դեր են խաղում կոռուպցիան բացահայտելու գործում։
«Այստեղ ներկայացված բոլոր նյութերը ընտրել ենք քննարկումների ընթացքում, որոշակի չափանիշների միջոցով փորձել ենք հասկանալ որ թեմաներն են կարևոր, և դրա արդյունքում գոյացել է այսպիսի արխիվ, որը կազմում են «Լրատան» երկրորդ ցուցահանդեսը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նունե Սարգսյանը։ Ըստ նրա՝ նյութերն ընտրելիս առաջնորդվել են ոչ թե լավագույնն ընտրելու սկզբունքով, այլ տիպայինը առանձնացնելու։
«Գուցե այստեղ տեսնենք ոչ շատ բարձր որակով արված նյութեր բայց սա էլ է եղել այն ձևը, որով լրագրողներն աշխատել են։ Խոսքը գնում է տարբեր կոռուպցիոն դեպքերի լրագրողների լուսաբանման մասին։ Այլ կերպ ասած՝ սա լրագրողների աշխատանքի արտացոլումն է»։
Թեմատիկ ցուցահանդեսից բացի ներկայացված էին նաև մեդիագրագիտության վերաբերյալ ՝ «Մեդիամարտ», «Ցանցառ» և «Լիտերատուսի արկածները» խաղերը։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, որ երիտասարդներին ու երեխաներին հեշտ է սովորեցնել խաղերի միջոցով, այդ իսկ պատճառով էլ դպրոցների և բուհերի համար ներկայացվող մեդիագրագիտության ծրագրին ավելացվել են նաև այս խաղերը։ «Մեդիամարտ» և «Ցանցառ» խաղերը օնլայն հարթակում հասանելի են բոլորին, իսկ «Լիտերատուսի արկածները» խաղը առաջին անգամ է ներկայացվում և դեռ գտնվում է փորձարկման փուլում։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ