Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ այս ցուցակում պակասում է միայն Պուտինը». Գևորգ Մելիքյան

Փետրվար 01,2018 19:00

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանի տեղեկացմամբ՝ РБК-ով արդեն նշվել է, որ ռուսաստանյան գործարարները ԱՄՆ-ի կողմից հրապարակված ցուցակի, ոչ թե պատժամիջոցների հրապարակումից մեկ օր հետո արդեն մեկումեկ միլիարդ են կորցրել:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում «Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցները և դրանց հայկական շավիղները» խորագրով քննարկմանը տիկին Դիլբարյանը կարծիք հայտնեց, որ այսպիսով ամերիկյան կառավարությունը փորձում է տնտեսապես կամ ֆինանսապես ջլատել Ռուսաստանին: Ըստ նրա՝ ամենևին էլ այնպես չէ, ինչպես հայտարարում են ռուսական կողմից, թե դա կառաջացնի կոնսոլիդացիա, տնտեսությունը կզարգանա, Պուտինը փոխհատուցումներ է առաջարկում:

Դիտարկելով ՀՀ-ի վրա ունենալիք ազդեցությունը՝ Նարինե Դիլբարյանն ասաց, թե դժվար է խորհուրդներ տալ մեր կառավարությանը, որը գտնվում է մի իրադրության մեջ, որ երկաթգիծը, գազային ոլորտը, հանքարդյունաբերությունը, կապը, ամեն ինչ, ինչ ունենք և կազմում է ցանկացած տնտեսության հիմքը, ռուսական ձեռնարկությունների տակ, այն ձեռնարկությունների, որոնց ղեկավարների անունները հնչում են այդ ցուցակում: Ըստ նրա՝ լուծումը պետք է լինի նրանցից ձերբազատվելը. «Գոնե վարչապետին կից ներդրողների ակումբից ձերբազատվենք, բայց դա չափազանց դժվար կլինի, քանի որ Կարեն Կարապետյանը կարծում է, որ դա իր գործունեության ամենահաջող ոլորտներից մեկն է: Անգամ Արմեն Սարգսյանը, որ գալիս է, դարձյալ բնութագրվում է, որ ներդրումներ կբերի: Հավերժ ներդրումներ բերելու, պետության շուրջ ակումբներ ստեղծելու երազանքով ենք ապրում»:

Ըստ տիկին Դիլբարյանի՝ ԱՄՆ-ի կողմից ցուցակի հրապարակման հետքը ՀՀ տնտեսության վրա կարող է շատ վտանգավոր լինել. մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, ուստի պետք է ցույց տալ, որ ՀՀ տնտեսությունը ազատականանում է, ոչ թե գնում կոռուպցիոն և անազատ լինելու ուղղությամբ:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի բնութագրմամբ՝ ԱՄՆ-ն ռազմավարական հարվածներ է հասցնում ՌԴ տնտեսությանը և այն քրեաօլիգարխիկ համակարգին, որը ժառանգված է խորհրդային միությունից, և կոսմետիկ փոփոխություններից հետո գործում է մինչև այսօր Ռուսաստանում. «Այդ հարվածները գնում են մինչև քաղաքական համակարգ: Տպավորություն է, որ այս ցուցակում պակասում է միայն Պուտինը: Այս ցուցակը դեռ վերջնական ընդունված չէ, շատ փոփոխություններ կլինեն, սրանք ազդակներ են, որ ուղղվում են ռուսական կողմին:

Դառնալով ՀՀ-ի վրա ազդեցությանը՝ պարոն Մելիքյանը նկատեց՝ ՀՀ-ի համար դժվար է մանևրել, առանց այդ էլ խուսանավելու տարածքը քիչ է մի քանի առումներով. «Հայաստանը դժվարություն կունենա մի կողմից պահել լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից հարաբերությունները չփչացնել ՌԴ-ի հետ մի շարք հարցերում: Պետք է մտածել, որ ՌԴ-ն կսկսի զբաղվել իր հարցերով և կթուլացնի ՀՀ-ի նկատմամբ ճնշումները»:

Ըստ Գևորգ Մելիքյանի՝ Թրամփը ևս նախանձելի վիճակում չէ. փորձում է հարաբերությունները ջերմացնել Ռուսաստանի հետ, բայց օրենսդիր մարմինը, երկու կուսակցությունները՝ հատկապես Թրամփի կուսակցությունները, տանում են սանկցիոն գիծը:

Գևորգ Մելիքյանի համոզմամբ՝ Հայաստանի մասով մտահոգություններ կան. «Օղակը բավականին սեղմվում է: Այդ օղակի մեջ արդեն սկսում են հայտնվել ռուսաստանցի, ազգությամբ հայ գործարարներ, չի բացառվում, որ ընթացքում կլինեն անուններ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տնտեսության հետ ոչ որպես ներդրողներ, այլ որպես մասնակիցներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝  The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728