«Medialab.am» կայքի խմբագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից շարունակում է սպառնալիքներ ստանալ:
Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն էր՝ ՊՆ կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։
Կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի խոսքով, սպառնացողն ակնարկել է, որ «Medialab.am»-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։
Ըստ մեր զրուցակցի՝ կայքի հոդվածների տակ պարբերաբար հնչել են սպառնալիքներ, բայց իրենք անտեսել են:
«Հիմա արդեն անձնական նամակով են սպառնալիքներ ուղարկում ու մինչեւ հիմա շարունակվում է: Սպառնում են՝ այսօրդ լավ ապրիր, որովհետեւ վաղը կարող է չլինել եւ այլն»,- Aravot.am-ին ասաց Մարիաննա Գրիգորյանը:
Նա երեկ դիմել է իրավապահներին՝ հանցագործության մասին հաղորդում տալով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Medialab»-ի խմբագրությանը իրավական աջակցություն է ցուցաբերել, գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Պահանջել ենք գտնել սպառնալիքներ տվող անձին, համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկել:
Այսօր արդեն համապատասխան հայտարարությամբ ենք հանդես եկել, պահանջ է ներկայացվել սպառնալիք տվող անձանց հայտնաբերելու ու դրանք դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, Մարիաննա Գրիգորյանի ու «Մեդիալաբի» ամբողջ աշխատակազմի անվտանգությունն ապահովել»:
Մարիաննա Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ում է տեսնում սպառնալիքների հետեւում, նրանք իրենց շարքային ընթերցողները կարո՞ղ են լինել, ի պատասխան ասաց. «Չեմ կարող ասել՝ ով է այս ամենի հետեւում կանգնած, շատերը կարող են կանգնած լինել: Չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց այս պատմությունը սկսվեց Վիգեն Սարգսյանին առնչվող ծաղրանկարից, կարելի է հետեւություն անել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ