Սարգիս Մուրադյան պատկերասրահում փետրվարի 1-ին մեկնարկած Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի երկրորդ՝ «Մեդիամարտն ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցադրությանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր ելույթում ասաց, որ իրենց հիմնական աշխատանքը աջակցելն է լրատվամիջոցներին, շարքային քաղաքացիներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակ։
«Բոլորն երկրներում էլ կա այս խնդիրը, երբ մարդիկ պետք է պայքարեն այն երևույթների դեմ երբ մեկը փորձում է օգտագործել իր քաղաքական ազդեցությունը, չարաշահել իր դիրքը, սա միայն Հայաստանին բնորոշ խնդիր չէ։ Կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային եղանակներից մեկը անկախ լրատվական դաշտի առկայությունն է։ Այս ցուցահանդեսի կարևորությունն այն է, որ սա ցույց է տալիս՝ Հայաստանում կա անկախ լրատվական դաշտ, որն ունի բավարար խիզախություն արծարծելու և լույս սփռելու կոռուպցիայի վերաբերյալ հարցերին»։
ԱՄՆ դեսպանը չի հերքում՝ լրատվամիջոցները շատ հաճախ բավականին դժվարին հարցերով են մոտենում, բայց երբեմն էլ շատ անսպասելի «Երբեմն լրագրողները կարող են ինձ հարցնել՝ ձեր ծառայողական մեքենան որտեղ է կայանված եղել, կամ հետաքրքրվել գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների մասին․ դա նրանց աշխատանքն է, և իրենց հարցերով նրանք օգնում են որ ես ավելի լավ պաշտոնյա լինեմ »։
Ըստ դեսպանի՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերի շահերից է բխում այն, որ կա Հայաստանում այնպիսի լրատվական դաշտ և լրագրողներ, որ կարող են պաշտոնյաներին բարդ հարցեր ուղղել։ «Այստեղ գտնվելով ես ուրախ, եմ որ ականատեսն եմ մի քանի կոնկրետ դեպքերի, որոնց հետ կապված լրատվական դաշտի ներկայացուցիչները , ովքեր բարդ հարցեր ուղղելով պետական պաշտոնյաներին և գործարար դաշտի ներկայացուցիչներին կարևոր խնդիրներ են առաջ քաշում»,-հավելեց Ռիչարդ Միլսը։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ