Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի համար ռիսկերը բավականին բարձր են». Ստեփան Սաֆարյանը՝ ԱՄՆ-ի հրապարակած կրեմլյան ցուցակի մասին

Փետրվար 01,2018 18:12

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում «Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցները և դրանց հայկական շավիղները» խորագրով քննարկմանը ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց իր կատարած հետազոտությունը, որը վերաբերում է Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված ու տարբեր ժամանակաշրջաններում համալրված պատժամիջոցների ուղղակի և անուղղակի քաղաքական, տնտեսական և այլ ազդեցությանը Հայաստանի, Ռուսաստանի հայազգի գործարարների վրա:

Պարոն Սաֆարյանը վստահեցրեց՝ ԱՄՆ-ի կողմից հրապարակված «կրեմլյան զեկույցը» չի կարող Հայաստանի վրա ազդեցություն չունենալ: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում գրեթե 3000 ռուսական ձեռնարկություն է գործում և այդ ազդեցության մասշտաբները կարելի է պատկերացնել, թե ինչպես են պատժամիջոցներն ազդում ՀՀ տնտեսության վրա:

Պարոն Սաֆարյանը երեք կարևոր փաստաթուղթ հիշեցրեց, որոնք ձևավորում են ամերիկյան քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ: Պարոն Սաֆարյանը թվարկեց՝ ԱՄՆ ԱԱԾ ռազմավարությունը, որն ստորագրվեց այն ժամանակ, երբ բոլորը զբաղված էին ամանորյա կերուխումով, գաղտնի այն փաստաթուղթը, որը ներառում է  պատժամիջոցների գործիքակազմը, Ամերիկայի հակառակորդներին պատժելու, հակազդելու ակտը՝ ընդունված 2017-ի հուլիսին: Պարոն Սաֆարյանը հավելեց նաև Մագնիտսկու ակտը, որն անձնական բնույթի մուտքի արտոնագրերի արգելքներ է դնում ՌԴ բավականին զգալի թվով գործարարների նկատմամբ:

Ըստ պարոն Սաֆարյանի՝ այս պատժամիջոցները նոր երևույթ չեն և իրականացվում են 2014-ից սկսած, երբ տեղի ունեցավ ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումը, կապված են նաև սիրիական հակամարտության, 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետ:

Այն, որ ԱՄՆ-ի ներկայացրած ցուցակում ներգրավված են նաև հայ գործարարներ, Ստեփան Սաֆարյանին թույլ է տալիս ինչ-ինչ ենթադրություններ անել. «Օրինակ՝ Տաշիր գրուպը սկսեց հավակնոտ ծրագրեր իրականացնել էներգետիկ, վերականգնվող էներգիայի ոլորտում, որտեղ Ամերիկայի և Եվրոպայի հետաքրքրությունները նույնպես մեծ են: Այդ գործարարների անվան ներառումը ցուցակում կապ ունի ԱՄՆ շահերին սպառնալիքների հետ: Նախազգուշացվում է, եթե այդ անձինք մի շարք երկրներում, այդ թվում նաև ՀՀ-ում իրենց իրականացրած ծրագրերով նույն կերպ սպառնան լիբերալ դեմոկրատական, ազատ շուկայական կարգին, թերևս չբացառենք, որ այս՝ տակավին անհետևանք ցուցակից կհայտնվի բուն պատժամիջոցների տակ ընկած ցուցակ»:

Ըստ պարոն Սաֆարյանի՝ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած փաթեթը ոչ միայն պատժամիջոցներ է սահմանում կամ փակում ֆինանսական ակտիվների հասանելիությունը ռուսական ընկերությունների նկատմամբ, այլև տարածվելու է այն երկրների կամ անձանց նկատմամբ, որոնք ծրագրեր կիրականացնեն այս ընկերությունների հետ: Ուստի ըստ պարոն Սաֆարյանի՝ Հայաստանի համար ռիսկերը բավականին բարձր են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728