ՀՀ Վարչական դատարանում այսօր հետաձգվել է «Հայ կանանց ճակատ»-ի համակարգող, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մամուլի պատասխանատու Սուսաննա Սիմոնյանի՝ ՀՀ Ոստիկանության դեմ ուղղված հայցի քննությունը: Հայցով նա պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել են նրա մի շարք իրավունքների խախտմանը, և պարտավորեցնել Ոստիկանությանը հատուցել պատճառված ոչ գույքային վնասը՝ 3․000․000 ՀՀ դրամի չափով: Ոստիկանների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ Սյուզան Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ որպես «Հայ կանանց ճակատ»-ի համակարգող՝ նա 2017 թ. սեպտեմբերի 20-ին հավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակի ավտոբուսների կայանման տեղում:
Մեր զրուցակիցը հայտնեց. «Նպատակն էր՝ իրազեկել ավտոբուսներին մոտեցող սփյուռքահայերին, որ երկրում սփյուռքահայ քաղբանտարկյալներ կան։ Ես այդ մասին տեղեկացրել էի նաև լրատվականներին։ Մինչև ավտոբուսներին հասնելը ես զանգ ստացա մի լրատվականից, որ ինձ փնտրում են և չեն գտնում, ու պատասխանեցի, որ մի քանի վայրկյանից կլինեմ ավտոբուսների մոտ։ Եվ այդպես էլ եղավ։ Ես մի քանի վայրկյանից արդեն ավտոբուսների մոտ էի։ Իջա, մոտեցա ավտոբուսներին ու անմիջապես նկատեցի, որ ինձ տեսնելուն պես ինչ խուճապ սկսվեց այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկանության շրջանում։ Սկսեցին ինձ ցույց տալ, և ես հասկացա, որ շուտով ինձ տանելու են, որ չեմ հասցնի, որ «Հայ կանանց ճակատ»-ի մյուս աղջիկները ցայտաղբյուրի մոտից հասնեին ինձ»։
Սյուզան Սիմոնյանի պատմելով՝ երբ ինքը նկատել է իրեն մոտեցող ոստիկաններին, անմիջապես պայուսակից հանել է Ժիրայր Սեֆիլյանի նկարով պաստառը և ավտոբուս բարձրացողներին հասցրել մեկ նախադասություն ասել. «Սփյուռքահայեր, դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում կան սփյուռքահայ քաղբանտարկյալներ։ Այդ խոսքիս վրա ինձ մի քանի հոգով սկսեցին քաշել դեպի ոստիկանական մեքենա։ Որևէ բացատրություն չեղավ, որևէ պահանջ չեղավ, մոտեցան և սկսեցին քաշքշել և հրել։ Մնացյալը տեսել եք տեսանյութով»:
Թե ինչպես են իր հետ ոստիկանները վարվել, Սյուզան Սիմոնյանը նշեց. «Տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդ ոստիկանները վայրենաբար գլուխս հարվածում մեքենային։ Երբ ինձ շպրտեցին մեքենա, ես արդեն զգացի, որ սիրտս վատ է: Գրպանումս դեղ կար, հասցրեցի դնել լեզվիս տակ։ Վայրկյաններ հետո ինձ միացավ կին-ոստիկան։ Մեքենան շարժվեց։ Սիրտս դեռ վատ էր, շնչարգելություն էր սկսվել մոտս։ Այդ կին ոստիկանը փորձում էր ինձ օգնել, նա խուճապի էր մատնվել։ Հստակ զգում էի, որ ցանկանում էր օգնել։ Զգացի նաև, որ ետևումս նստածը զանգ ստացավ։ Դա մեքենան շարժվելուց վայրկյաններ հետո էր։ Նա խոսեց հեռախոսով, նույնիսկ ասաց՝ «իսկ ո՞ւր տանենք»: Դրանից հետո վարորդին փոխանցեց՝ «բաժին չենք տանում, տանում ենք, իջեցնում»։ Վարորդը հարցրեց՝ «որտեղ ենք՞ իջեցնում», նա էլ պատասխանեց՝ Չարենցի կողմերը»։
Սիմոնյանի խոսքով՝ քանի որ ինքը վատ է զգացել, չի հասկացել, թե որ ճանապարհով են իրեն տարել. «Բայց քանի որ վերջում հայտնվեցինք «Նաիրի» կինոթատրոնից ներքև, նշանակում է, որ Ամիրյան-Մաշտոց-ով ենք հասել այդտեղ։ Մի խոսքով, կանգնեցին այդտեղ և երիտասարդ ոստիկան աղջիկը դուռը բացեց, իջավ, և ասաց՝ «տիկին ջան իջեք, թյուրիմացություն է եղել։ Դուք ազատ եք»։ Ես, բնականաբար, չեմ իջել։ Երկար ժամանակ ինձ համոզել են երիտասարդ ոստիկանները, որ իջնեմ, բայց ասել եմ՝ չեմ իջնելու։ Մեկ ժամից ավելի ես նստած եմ եղել մեքենայի մեջ։ Հետո երբ որևէ կերպ ինձ չկարողացան համոզել, որ իջնեմ, կանչեցին մեկ այլ ոստիկանական խումբ։ Եկածները նույն վայրենիներն էին, որոնք հրապարակում էին ինձ քաշքշում։ Նրանք ինձ մի քանի հոգով քաշեցին-գցեցին ճանապարհի եզրին, նույնիսկ ոչ մայթին, և շատ արագ, լույսի արագությամբ, նստեցին իրենց մեքենաները և անհետացան։ Ես պահանջում եմ պատասխանատվության ենթարկել ոստիկանությանը իմ իրավունքները խախտելու համար, և պահանջում եմ նաև ինձ փոխհատուցել իմ կրած ֆիզիկական, բարոյական, և հոգեբանական վնասները։ Ինձ մեքենայով տեղափոխող երիտասարդ ոստիկաններից բողոք չունեմ, բողոքս վերաբերում է հրապարակում հավաքվածներին, հրահանգ տվողներին և կատարողներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ