ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը հիշեցնելով, որ ԱՄՆ-ի կողմից հրապարակված այսպես կոչված «կրեմլյան զեկույցը» ռուսական լրատվամիջոցները ներկայացնում են, թե իբր դա արվում է նրա համար, որ Արևմուտքը չի սիրում Ռուսաստանին, նշեց, որ իրականում պետք է արձանագրել դրա հիմքը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում «Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցները և դրանց հայկական շավիղները» խորագրով քննարկմանը պարոն Իգիթյանն այս առիթով ասաց. «Սա Ռուսաստանի՝ ագրեսիվ քաղաքականության, հատկապես Ուկրաինայի, Ղրիմի զավթման, Դոնեցկում, Լուգանսկում շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքն է»:
Անդրադառնալով նման ցուցակ հրապարակելու նպատակներին՝ պարոն Իգիթյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա միավորում է Պուտինի շուրջ այն բանի համար, որ սիրում են նրան, այլ որ իր վերահսկողության տակ են: Սա հնարավորություն կտա տարբեր մարմիններին ոչ միայն ԱՄՆ-ում, այլ Եվրոպայում հետևել այդ մարդկանց ֆինանսների ծագման աղբյուրը, նաև ոլորտները, թե որտեղ փորձում են ազդեցություն ունենալ»:
Ըստ պարոն Իգիթյանի՝ ցուցակում ներգրավված են նաև ոչ սկանդալներում ներգրավված անձինք, այն բանի համար, որ նրանք բոլորն էլ Պուտինի վերահսկողության տակ են:
Պարոն Իգիթյանն ասաց, որ իրենց հաշվարկներով՝ ՌԴ-ից տարբեր հաշվարկներով հիմա մոտ չորս հարյուր միլիարդ դոլարի արտահոսք կա Ուկրաինայի ագրեսիայից հետո. «Անհրաժեշտության դեպքում այս գումարը կարող է օգտագործվել կրեմլյան վերնախավի միջոցով աշխարհում քաղաքական, ռազմական, տնտեսական պրովոկացիաներ անելու համար: Բոլոր դեպքերում միջազգային կազմակերպությունները և պետությունները պետք է վերահսկեն, գոնե իմանան այդ գումարների արտահոսքն ուր է գնում, այդ մարդիկ որ օֆշորային գոտում են հայտնվում, ուր են գնալու հետո: Դա շատ կարևոր է, քանի որ դա Ռուսաստանի գաղտնի հնարավորությունն է ֆինանսների միջոցով ազդել իրադարձությունների վրա»:
Ըստ պարոն Իգիթյանի՝ պետք է ազատվել ռոբսոններից և առհասարակ փակել վարչապետին կից ներդրողների ակումբը: Պարոն Իգիթյանը մանրամասնեց. «Այս ակումբը պետք է վերացվի ընդհանրապես: Ոչ թե Սամվել Կարապետյանին կամ այն մեկին պետք է հանել ակումբի կազմից, այլ Հայաստանը պետք է տարանջատվի ընդհանուր Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունից: Բոլորը հասկանում են, որ մենք այս կամ այն ձևով Ռուսաստանի ազդեցության տակ ենք, բայց գոնե կառավարությունը պետք է ցույց տա, որ ուղղակի ձևով կապված չէ այդ կոռումպացված կազմակերպությունների հետ կամ չի հովանավորում, հատկապես պայմաններ չի ստեղծում: Իմ կարծիքով՝ ՀՀ կառավարությունը քայլեր ունի անելու»:
Հովհաննես Իգիթյանի հավաստմամբ՝ պատժամիջոցը զուտ պատժամիջոց չէ, հետագա քայլեր էլ կլինեն, մասնավորապես, թե այդ գումարները որտեղ են գնում, ովքեր են տերերը, և այս ամենը ուղղակի ձևով ազդելու է Հայաստանի վրա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA