1988 -ի շարժման 30 ամյակի ամենամեծ դասն ու պատգամը մեր ժողովրդին ու քաղաքական գործիչներին, ըստ գրականագետ Վարդան Դեւրիկյանի, պետք է լինի 1988-ի միասնականության վերականգնումը:
«Չեմ ասում վերացական միասնություն, որ մեր կյանքի հոռի ու այլանդակ երեւույթները չտեսնենք ու չպայքարենք դրանց դեմ, բայց ինչ ազգային խնդիրներին է վերաբերում, բոլոր այն գործիչները, ում ժամանակին մեր ժողովուրդը վստահել է, նրանք այդ պատասխանատվությունը պետք է զգան ու ըստ այդմ գործեն: Մեր գերխնդիրը պետք է լինի երկրի ամրապնդումը, ոչ թե ընտրությունից ընտրություն հինգ տոկոսի շեմը հաղթահարելը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Դեւրիկյանը:
Ինչ ունենք շարժումից երեսուն տարի անց հարցին, բանախոսը պատասխանեց. «Ունենք ամենամեծ իրական արդյունքը Լեռնային Արցախի Հանրապետություն, դրանից ավելի մեծ արդյունք չէինք ունենա: Շարժման գլխավոր արդյունքը կլինի, եթե կարողանանք պահել Արցախի Հանրապետությունը»:
Հարցին, թե ժողովուրդը իրեն զգո՞ւմ է հաղթանակած ժողովուրդ, բանախոսը պատասխանեց. «Արցախյան արդյունքի առումով, իհարկե, զգում է, բայց ընդհանուր մեր կյանքի իրավիճակի հետ պայմանավորված՝ առօրյա հոգսեր, ընկճվածություն եւ այլն, բնականաբար, չի արտացոլվում, բայց դա մեր թշնամիներին չպետք է ոգեւորի, որովհետեւ 2016-ի ապրիլին էլ էր գրեթե նույն այս իրավիճակը, բայց, երբ վտանգի պահը եղավ, մեր ժողովուրդը ցույց տվեց, որ կենսունակ է ու պատրաստ է հակազդել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ