Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծին, ըստ որի կառավարության նիստերը դռնփակ են անցկացնելու: Նիստից հետո լրագրողները նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է նման նախագիծ մշակվել, արդյոք սա վկայում է այն մասին, որ ՀՀ վարչապետն, ինչպես մամուլն է գրում, ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանն է լինելու: Հարությունյանը վստահեցրեց, որ այս որոշումը ժողովրդավարական է, իսկ թե ով է վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուն, կուսակցությունը դեռեւս որոշում չի կայացրել:
Այնուամենայնիվ, եթե անգամ ՀՀԿ-ն որոշել է ով է վարչապետի իրենց թեկնածուն, սակայն դեռ չի հայտարարում, դատելով այսօր ընդունված օրենքի նախագծից, ՀՀԿ-ի թեկնածուի սրտով չէ, որ կառավարության նիստերը դռնբաց լինեն: Ըստ ամենայնի, ապագա վարչապետը չի ցանկանում կառավարության նիստերը վարել լրագրողների եւ հանրության աչքի առաջ: Արդեն քանի տարի է այս նիստերին լրագրողները հետեւում են ուղիղ հեռարձակմամբ:
Այս օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է՝ Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը:
Նույն հոդվածի այլ կետերով սահմանված է՝
15.Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:
16.Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:
17. Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին:
Այդուհանդերձ, այսպիսի սահմանափակումներից հետո Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ սա ժողովրդավարական նախագիծ է: Ընդ որում, Հարությունյանը լրագրողներին վստահեցրել է, որ այս նախագիծը ամենեւին էլ չի խոչընդոտելու կամ սահմանափակելու գերատեսչությունների եւ պաշտոնյանների՝ հանրության ու լրագրողների առջեւ հաշվետվողականության թափանցիկությանը: Սակայն, ըստ նախագծի 17-րդ հոդվածի, այդ թափանցիկության մակարդակն ու տեղեկատվության ծավալը միանձնյա է որոշվելու, եւ դա վարչապետի «քմահաճույքով» է լինելու:
4-րդ հանրապետության շեմին, այս նոր Սահմանադրությամբ, ձեւավորած խորհրդարանով ու կառավարման նոր համակարգով, այս օրենքը սրանց տրամաբանական շարունակությունն է, որով եւս մեկ դուռ է փակվում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ