Մի քանի տարի առաջ Hugo Boss ապրանքանիշի անվան շուրջ սկանդալ ծագեց. Խոսվում էր, որ այն կապ ուներ Վերմախտի սպաների եւ զինվորական հագուստների ստեղծման հետ: Հանրահայտ դիզայներ Հյուգո Բոսին մեղադրում էին Հիտլերի հետ անձնական կապերի, նրա ոճաբանը լինելու եւ նացիստներին աջակցելու մեջ:
Ընկերությունը ստիպված դիմեց պատմաբանների օգնությանը` փաստերի վրա լույս սփռելու համար: Թեեւ գիտական հետազոտության արդյունքները հերքեցին դիզայների վերաբերյալ տարածված միֆը, սակայն ընկերությունը ստիպված եղավ ընդունել, որ ժամանակին նացիստների համար համազգեստներ է կարել, նաեւ ներողություն խնդրեց ֆաբրիկաներում ռազմագերիներին ու համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներին շահագործելով աշխատեցնելու համար:
kulturologia.ru-ի փոխանցմամբ, Hugo Boss-ը ժամանակին իր պատվերների եւ օգուտների մեծ մասն իսկապես ստացել է նացիստների հետ համագործակցության արդյունքում, ֆաբրիկայում աշխատել են 180 ֆրանսիացի ու լեհ բանտարկյալներ: Ռազմագերիները մասնակցել են նաեւ ռազմական համազգեստի էսքիզների ստեղծմանը, մասնավորապես մեծ դերակատարություն են ունեցել նկարիչ դիզայներ Կարլ Դիբիչը եւ նկարիչ գրաֆիկ Վալտեր Հեկը:
Ի դեպ, Հյուգո Բոսի որդին` Զիգֆրիդ Բոսը 2007 թ. հրապարակայնորեն հայտարարել էր, որ իր հայրը եղել է նացիստական կուսակցության երդվյալ անդամ ու նաեւ հավելել. «Իսկ այդ ժամանակ ո՞վ չէր անդամակցում նացիստական կուսակցությանը»:
Գերմանացի պատմաբան Հեննինգ Կոբերը եւս հայտարարել է, որ Hugo Boss-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները նացիստներ են եղել եւ Հիտլերի ամենամոլի հետեւորդները:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ